Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին նոյեմբերի 6-ին երրորդ անգամ վիրահատել են։
NEWS.am–ի հետ զրույցում Անի Ավետիսյանը նշեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, այժմ վերականգնման փուլում է։
«Ամբողջ օրը ցավերի մեջ եմ, ցավազրկողներ եմ ստանում։ Վիրահատությունը եղել է նոյեմբերի 6–ին, ազդրի ոսկորն են վիրահատել, ասացին, որ ոսկորն ամբողջովին փշրված է՝ ծնկի տակի խաղով։ Հիմա դա մաքրել են, ազդրի վերևի հատվածից կտրել են, տարել են ներքև։ Վերևից ոսկորը կաճի, կգա միանա ներքևի մասին։ Հիմա ուրիշ սարքավորումներ են դրել, երկաթներ, ասել են, որ 3-4 ամսից նոր արդյունքը կերևա։ Ծնկի ներքևից երկաթներով հավաքած է մինչև ազդրի վերևի հատվածը։ Դա այդպես մնալու է, դեռ մի հատ էլ են սարքավորում դնելու, որ ձգեն, ոտքը երկարացնեն»,– ասաց վիրավոր կինը՝ հավելելով, որ մոտակա ժամանկներում վիրահատություն չի նախատեսվում, բայց դեռ ավելի ուշ լինելու է վիրահատություն։ Անիի երեխաները շարունակում են Մասիսի գյուղերից մեկում ապրել տատիկի տանը, անտեղ են դպրոց հաճախում։
Որդու ձեռքի վիճակն էլ նույնն է, դեռ փոփոխություն չկա, ասել են՝ դեռ ոսկորը չի կպել։ «Աղջկան հոգեբանական վիճակում էլ փոփոխություն չկա, երբ մենակ է մնում, նորից վատ է զգում»,–ասաց Անի Ավետիսյանը։ Նա ընդգծեց, որ վիրահատությունն իրականացվել է պետական միջոցներով։ Անհրաժեշտ դեղորայքն ու բուժօգնությունը նրան տրամադրվում են ամբողջությամբ անվճար։
Անի Ավետիսյանի հետ վերջին քննչական գործողությունը եղել է նախորդ ամիս։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: