Ներքին 7 րոպե առաջ - 13:48 13-11-2026

ՊԵԿ վարչությունում քննչական գործողությունների ժամանակ կալանավորված օտարերկրացին դիմել է փախուստի․ shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից, որտեղ գործում են պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, կալանավորված անձը դիմել է փախուստի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Սյունիքի մարզից նշված վարչական շենք տեղափոխված՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Միլադ Մ.-ն քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական գործողության ժամանակ փախուստի է դիմել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Սյունիքի մարզում և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

shamshyan.com