Ներքին 17 րոպե առաջ - 12:00 13-11-2026

Բիզնես՝ անապահովների հաշվին. ովքեր են շահագործում նպաստառուների անտեղյակությունը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Սոցիալական ցանցերում, մասնավորապես ֆեյսբուքյան տարբեր խմբերում և էջերում առկա է մի մտահոգիչ երևույթ, որտեղ անհայտ անձինք գումարի դիմաց առաջարկում են լրացնել անապահովության նպաստի առցանց դիմումները։

Համացանցում տարածված հրապարակումներից մեկում «Անապահովության նպաստի դիմումների ընդունում» հայտարարության տակ օգտատերերից մեկը բացահայտ դժգոհում է սակագնից՝ գրելով. «Դուք շատ թանկ եք անում, բոլորը 5000-ով են անում, դուք՝ 15000-ով»։

Այս մեկնաբանությունը փաստում է, որ պետական անվճար համակարգից օգտվելու համար ձևավորվել է ստվերային միջնորդական շուկա, որտեղ ամենախոցելի խավի քաղաքացիները վճարում են տարբեր գումարներ՝ ընդամենը պետական աջակցության դիմում ներկայացնելու համար։ Խնդրի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը նշում է, որ դիմումների լրացման բոլոր ուղեցույցները հանրության համար բաց և հասանելի են, իսկ քաղաքացիներին որևէ մեկը չի պարտադրում դիմել անհասկանալի վճարովի ծառայությունների:

Թեև պաշտոնական տեսանկյունից քաղաքացին իրոք ազատ է ինքնուրույն լրացնել դիմումը, սակայն վճարովի ծառայությունների դիմում է ոչ թե ավելորդ գումար ունենալու պատճառով, այլ մի շարք լուրջ խնդիրներից ելնելով։ Անապահովության նպաստի դիմող քաղաքացիների զգալի մասը չունի սմարթֆոն, համակարգիչ։

Թեև հիմա, ըստ խոսնակի, շատերը չեն դժվարանում ինքնուրույն դիմում գրելուց, սակայն, պարզվում է՝ անգամ բաց ուղեցույցների առկայության դեպքում՝ էլեկտրոնային ստորագրության կամ նույնականացման համակարգի գործարկումը շատերի համար անհաղթահարելի տեխնիկական բարդություն է։

Այն քաղաքացիները, որոնք դժվարանում են օգտվել թվային հարթակներից, հաճախ չեն էլ տեսնում պաշտոնական էջերում տեղադրված ուղեցույցները, փոխարենը ֆեյսբուքյան խմբերում հանդիպում են գովազդվող «միջնորդների» հայտարարություններին։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված