«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում վերջերս արձանագրված կալանավորված անձի մահվան դեպքը կրկին օրակարգ է բերել այս հաստատությունում տիրող անմխիթար պայմանների, բուժսպասարկման և պետության պատասխանատվության հարցը։
Դեռևս 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ շենքի խիստ մաշվածության պատճառով հիմնարկը պետք է փակվի։
Սակայն անցել է 7 տարի, իսկ 2026 թվականին արդարադատության ոլորտի պատասխանատուները դեռևս խոսում են միայն նոր ՔԿՀ կառուցելու տարբերակները քննարկելու մասին։
Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առկա խնդիրները տասնամյակների վաղեմություն ունեն և որևէ էական փոփոխության չեն ենթարկվել։
Դիտորդական խմբի արձանագրումները փաստում են խցերում տիրող ծանր հակասանիտարական վիճակի մասին, ինչը, ըստ Ալեքսանյանի, լրջորեն ազդում է ազատազրկված անձանց հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։ «1998 թվականից հետո այնտեղ բան չի փոխվել։
Պահման պայմանները, սովորական հիգիենայի պայմանները շատ վատ են, լողանալու հարցերը... այսինքն՝ դա միշտ էլ կար, բայց այդ խոնավությունը, հենց այդ պահման պայմանները, որոնք տիրում են այնտեղ, գարշահոտությունը, որ հատուկ է այդ քրեակատարողական հիմնարկին, դա միշտ էլ կա»,- նշում է իրավապաշտպանը։
Խոսելով վերջին մահվան դեպքի և հիմնարկում բժշկական օգնության կազմակերպման մասին՝ Ժաննա Ալեքսանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դեպքի պահին հիմնարկում բժիշկ չի եղել, իսկ օգնություն ցուցաբերել է միայն բուժակը։ «Բուժսպասարկումը տեսաք ինչ վիճակում է՝ բժիշկ չի եղել, բուժակ է եղել։
Դեռ հայտնի չէ՝ ինչ է ներարկվել, պիտի պարզել․․․հիմա այդ մարդը չապացուցված մեղադրանքով մահացավ բանտում։ Սա իշխանությունների պատասխանատվությունն է. իրենք են պատասխանատու փակ համակարգերում մարդկանց կյանքի և առողջության համար»,- շեշտում է իրավապաշտպանը։
Oragir.News-ի հարցին, թե կարելի՞ է խոշտանգում որակել այդ պայմաններում ազատազրկվածներին պահելը, Ալեքսանյանը պատասխանեց, որ միանշանակ՝ այո, դա խոշտանգում է։ «Մենք տեսնում ենք, թե ինչ վատ ընթացք ունեն ընդհանրապես մարդու իրավունքները Հայաստանում. այս իշխանության օրոք սարսափելի նահանջ են ապրել մարդու իրավունքները։ Նշանակում է՝ դա առաջնահերթության հարց չէ։
Նոր բանտ կառուցելու համար պիտի մտածես այդ մարդկանց վիճակի մասին, իսկ դա առաջնային հարց չէ իշխանությունների համար»,- ասում է նա՝ հավելելով․ «Դուք տեսաք, որ 2018-19 թվականներին ահագին թեթևացել էին բանտերը, գերբեռնվածություն չկար, բայց հիմա լեփ-լեցուն են, և կալանավորներն ավելի շատ են, քան դատապարտյալները, կամ հավասար են։ Ծանրաբեռնվածությունը նշանակում է, որ ոչինչ չեն արել, և հիմա չեն կառուցել, դրա համար էլ այսպիսի վիճակ է»։
Ալեքսանյանը շեշտում է, որ ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց նկատմամբ դրսևորվում է անմարդկային վերաբերմունք։
«Նրանք նույնիսկ չեն մտածում այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասին՝ տնային կալանք, վարչական վերահսկողություն և այլն։ Տարբեր այլընտրանքային խափանման միջոցներ կան, որոնք կնպաստեին, որ բանտում մարդիկ ավելի քիչ լինեին»,- եզրափակում է իրավապաշտպանը։
Հասմիկ Մովսիսյան