Ներքին 13 րոպե առաջ - 17:16 13-11-2026

Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը խիստ մեղադրանքներ է հնչեցնում գործող իշխանությունների հասցեին՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան կապակցությամբ։

Արսեն Գևորգյանի մասին խոսելիս Իրինա Յոլյանը նշում է, որ նա մեծ հեղինակություն և հարգանք վայելող մարդ էր, որը պայքարել է Ստեփանավանի զարգացման ու բարեկեցության համար։ «Նրա մահը մեծ կորուստ է բոլոր պայքարի ընկերների համար»,– ընդգծում է պատգամավորը։

Արսեն Գևորգյանի մահվան համար պատգամավորը պատասխանատու է համարում իշխանություններին և քրեակատարողական համակարգին։

Ըստ Յոլյանի՝ Արսեն Գևորգյանը մինչև կալանավորվելը առողջական որևէ լուրջ գանգատ չի ունեցել։ «Տարան բանտ և հասցրին մահվան»,–ասում է պատգամավորը։

Իրինա Յոլյանը նշում է, որ միլիոնավոր դրամների պարգևավճարներ տրամադրելու փոխարեն իշխանությունները կարող էին ապահովել պատշաճ բժշկական սպասարկում և հերթապահ բժիշկների առկայություն։

Անդրադառնալով արդարադատության նախարարի այն պնդմանը, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ն «ժառանգություն է նախկիններից», Յոլյանն ընդգծում է, որ գործող իշխանություններն արդեն շուրջ ինը տարի պաշտոնավարում են և պատասխանատվություն են կրում մարդկային կյանքերի համար։

Վերջում պատգամավորը շեշտում է, որ կալանքը հաճախ օգտագործվում է որպես պատժելու և ճնշելու գործիք՝ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ։

Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն էր։ Նա կալանավորվել էր ընտրություններից չորս օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, իսկ օրեր առաջ մահացել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։