Ներքին 14 րոպե առաջ - 16:17 13-11-2026

Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան

«Այսօր Արսեն Գեւորգյանի հետ պետք է քննարկեինք այն փոփոխությունները, այն զարգացման ծրագրերը, որ ուներ նա, որ ունեինք մենք՝ փոփոխություններ բերելու եւ երկրում եւ մարզում եւ իր շատ սիրելի Ստեփանավանում։ Բայց, ցավոք, այսօր լրիվ հակառակն է»,-ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը Ստեփանավանի համայնքապետի ընտրության թեկնածու իր կուսակից Արսեն Գեւորգյանի մահվան կապակցությամբ։

«Ես ուզում եմ նախ ցավակցել բոլորիս, ցավակցել նրա ընտանիքին, հարազատներին։ Սա շատ անսպասելի եւ շատ ծանր կորուստ է։ Եվ այս կորուստը միայն նրա ընտանիքինը չէ։

Ուզում եմ ցավով նշել, որ Արսեն Գեւորգյանը քաղբանտարկյալ էր, որը մահացել է բանտային կալանքի պայմաններում։ Նրա կյանքը հնարավոր էր փրկել եւ պետք է փրկվեր, կանխվեր մահը, ինչը չի արվել; Հետեւաբար, մեր գործընկերոջ՝ Արսեն Գեւորգյանի, մահվան քաղաքական պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը։

Մեր գործընկեր Արսեն Գեւորգյանի բոլոր երազանքները, բոլոր գաղափարները՝ կապված մեր հայրենիքի, երկրի, Ստեփանավանի հետ, մենք տանելու ենք առաջ եւ մեր պայքարը շարունակելու ենք հանուն արդարության եւ արդարության հենց Արսեն Գեւորգյանի համար»,-ասաց Անուշ Միրզոյանը։

Հիշեցնենք, Արսեն Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն էր։ Նա կալանավորվել էր ընտրություններից 4 օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, մահացել օրեր առաջ Նուբարաշենի ՔԿՀ-ում։