«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Միքայելյանը խիստ քննադատության է ենթարկում գործող իշխանություններին Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահվան կապակցությամբ։
Արթուր Միքայելյանը նշում է, որ Արսենը եղել է հայ մարդ, հիանալի ընկեր և նվիրված անձնավորություն, ով միշտ դրական էր տրամադրված և նպատակ ուներ փոփոխություններ ու բարեկեցություն բերել Ստեփանավանին։
Նա ընդգծում է, որ իշխանությունները «չեն սիրում ընդդիմախոսներին» և ամեն ինչ անում են նրանց մեկուսացնելու և բանտերում անմարդկային պայմանների մատնելու համար։ «Ողջ պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները»։
Միքայելյանը, արձագանքելով իշխանության ներկայացուցիչների այն պնդմանը, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ն նախկինների «ժառանգությունն» է, նշում է. «Արդեն ութ տարի է՝ իշխանության եք, եթե պայմաններն այդքան լավն են, թող վարչապետի գլխավորությամբ ամբողջ թիմով գնան ու բնակություն հաստատեն Նուբարաշենի ՔԿՀ-ում»։
Արթուր Միքայելյանն իր խոսքում վստահեցնում է. «Ուժեղները երբեք չեն ճնշվում և չեն վախենում բռնաճնշումներից։ Մեզանից թեկուզ հարյուրին ձերբակալեն, 101-րդը կանգնելու է ու տանելու է այս պայքարը մինչև վերջ»։
Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն էր։ Նա կալանավորվել էր ընտրություններից 4 օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, մահացել օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։