Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 16:12 30-07-2025

Հովիկ Աբրահամյանի գործով վարույթն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր շուրջ 75.000 քմ մակերեսով հողամասերը, Արարատի մարզի Նարեկ համայնքում՝ ընդհանուր 120 հա մակերեսով վարելահողն ու արոտավայրը, Մխչյան համայնքում՝ ընդհանուր 48.4092 հա մակերեսով հողատարածքները:

Արդյունքում՝ շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք բերված հիշյալ անշարժ գույքերն առանց իրավաչափ հիմքի դուրս են բերվել համայնքների գույքային ֆոնդից: Այնուհետև Հ. Ա.-ն, շուրջ 240 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով նշված անշարժ գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, ապահովել է դրանց գրանցումն իր մերձավորների անվամբ և հետագայում գույքերի զգալի մասը շինծու գործարքների արդյունքում գրանցել կնոջ, ինչպես նաև իր կողմից կառավարվող ընկերության անվամբ՝ փաստացի տնօրինելով և տիրապետելով դրանք:

Բացի այդ, նախկին բարձրաստիճան պաշտոնյան ապօրինի կերպով ներգրավված է եղել ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ հովանավորելով ավազի անօրինական արդյունահանմամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին, այդ թվում՝ իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրված «Մեծն Հովնան» ՍՊ ընկերությանը:

Մասնավորապես՝ Հ. Ա.-ն 2006-2016 թթ. ընթացքում հիշյալ ընկերությանը հատկացված տեղամասին հարակից տարածքում ավազի արդյունահանում իրականացնող «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը տիրանալու, երկու ընկերությունները փաստացի միավորելու և դրա արդյունքում առավել շահավետ տնտեսական գործունեություն ծավալելու անձնական դրդումներից ելնելով՝ եղբոր, վերջինիս որդու և այլ անձանց միջոցով 2008-2015 թթ. ընթացքում մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող վերը նշված երկու ընկերությունների կառավարմանը և «Ավազահատիկ» ՍՊ ընկերության ավազի հանքի շահագործումից ստացել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 230 մլն ՀՀ դրամի շահույթ:

Այնուհետև, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, Հ. Ա.-ն վերոհիշյալ գումարը միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, բանկային տարբեր գործարքներ կատարելու եղանակներով դրան հաղորդել օրինական տեսք:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն գործուն միջոցներ չի ձեռնարկել իր հետ փոխկապակցված անձի ընկերության կողմից սահմանված կարգի խախտմամբ ավազի ապօրինի արդյունահանումը կանխելու ուղղությամբ։

Մասնավորապես՝ 2014-2016 թթ. ընթացքում և դրանից հետո Հ. Ա.-ի հետ փոխկապակցված վերը նշված անձը հողօգտագործումը չի իրականացրել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասի կոորդինատներին համապատասխան, այլ գետավազի արդյունահանումն իրականացրել է նաև Արաքս գետի խառնարանային հատվածի անմիջապես հունից՝ դրա հատակը խորացնելով շուրջ երկու մետր: Նշված գործողությունների հետևանքով ընկերության կողմից ավազի լվացման արտադրամասի շրջակա տարածքում 5950մ2 մակերեսով առաջացել է հողի դեգրադացում, որի հետևանքով փոխվել և ցամաքել է Արաքս գետի՝ ՀՀ պետական սահմանի համապատասխան հատվածում գտնվող շուրջ 6 կմ երկարությամբ հիմնական հունը՝ սահմանի մոտ առաջացնելով 307.82 հա մակերեսով կղզյակ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություներն անցնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Նախաքննության ընթացքում մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքերի վրա արգելանք է դրվել:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում