Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:09 10-02-2022

Տեխնիկական սխալ էր Հովիկ Աբրահամյանի փոխարեն «Հավիկ Աբրահամյան» գրելը, սա միտումնավոր է արվել

Վրաստանի իշխանական «TV Imedi» հեռուստաընկերության փետրվարի 9-ի «Քրոնիկա» հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել հայկական մածունի արտահանման սահմանափակմանը։ Թողարկման ժամանակ հետևի ֆոնին ցուցադրած կադրերում շշի վրա վրացերենով գրված է «մացուն», դրա վերևի հատվածում հայերեն՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», իսկ ներքևի մասում՝ «Տոլման նույնպես ադրբեջանական է»:

Իսկ այսօր արդեն «TV Imedi » հեռուստաընկերությունը պարզաբանում է տարածել, թե դա ընդամենը տեխնիկական սխալի հետևանք է։ Հեռուստաընկերությունը մտահոգություն է հայտնել ու ներողություն խնդրել սխալի համար: «Սյուժեի այս հատվածը հանվել է հոլդինգի բոլոր սոցիալական էջերից»,- նշված է հայտարարության մեջ:

Oragir.news-ը կապ հաստատեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ և փորձեց հասկանալ՝ դա իրոք կարո՞ղ էր տեխնիկական սխալի հետևանք լինել, ինչպե՞ս է ստացվել, որ նման բնույթի քաղաքական հայտարարություն է հայտնվել էկրանին։ Թող, օրինակ, գրեին, որ «Աբխազիան Ռուսաստան է», իսկ «խինկալին էլ նույն պելմենն» է։

Քոչարյանն ասաց, որ հակված չէ ամփոփ կարծիք հայտնելու․«Կարող է և՛ տեխնիկական սխալի արդյունք լինել, և՛ չլինել։ Ես այս պահին հակված չեմ ինչ-որ ամփոփ կարծիք հայտնելու քանի, որ չունեմ ապացույցներ»,- ասաց քաղտեխնոլոգը։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաև հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանի հետ։ Նա հակված չէ հավատալու, որ սա տեխնիկական սխալի հետևանք է, վստահ է, որ միտումնավոր է արված․ «Ընդհանրապես, լուսագրերով նման տեքստերը հեռուստաընկերություններում, համենայն դեպս այն հեռուստաընկերություններում, որտեղ ես եմ աշխատել, մինչև եթեր գնալը անպայման լրացուցիչ ստուգվել և ստուգվում է հեռուստաընկերության խմբագիրների կողմից, ղեկավարության կողմից, և նոր միայն եթեր է հեռարձակվում։ Այսինքն՝ զուտ միայն ասել, որ տեխնիկական սխալ է, դա անհնար բան է։ Այնպես չէ, որ, օրինակ, մածուն բառն էր սխալ գրվել, կամ ինչ-որ տառասխալ է եղել։ Օրինակ, հիշո՞ւմ եք, հեռուստաընկերություններից մեկով Հովիկ Աբրահամյանի փոխարեն գրել էին «Հավիկ Աբրահամյան», այ դա տեխնիկական սխալ էր, բայց երբ «մածուն» բառի փոխարեն գրում են՝ «Ղարաբաղը Արդրբեջան է», տեխնիկական սխալ չէ, դա միտումնավոր սխալ է, միտումնավոր խեղաթյուրում է։

Եթե անգամ հեռուստատընկերության ղեկավարությունը կամ խմբագրությունը տեղյակ չի եղել, նրանց որոշումը չի եղել, ապա, համենայն դեպս, կան մարդիկ, որոնք միտումնավոր դա արել են։ Հեռուստաընկերության խմբագիրը կարող էր և հայերեն չիմանալ և չհասկանալ, թե ինչ է գրված, բայց կոնկրետ մարդիկ կամ կոնկրետ մարդ զբաղվել է այդ հարցով, որպեսզի նման գրություն լինի։ Սա միտում է, միանշանակ, սա ոչ մի տեխնիկական սխալ էլ չէ»,- ասաց Հոխիկյանը։

Հեռուստամեկնաբանին հարցրինք՝ ո՞րն է միտումը այդ դեպքում․ «Վրաստանն արդեն տնտեսական առումով դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի վասալը, ամբողջությամբ այս 2 երկրներից տնտեսական կախման մեջ է, հետևաբար նաև քաղաքական։ Փաստն այն է, որ Վրաստանի բոլոր համակարգերում ներգրավված են ադրբեջանցիներ և թուրքեր։ Օրերս մի վրացի լրագրող էր Երևանում, զրուցում էինք։ Հարցրի՝ Բաթումում ի՞նչ իրավիճակ է, ասում է՝ գնա թուրքերից հարցրու, մենք Բաթումից ալևս առանձանպես տեղյակ չենք, դարձել է Թուրքիա։ Վրաստանի մյուս տարածքների մասին ասում է, որ կարևոր հարցերը լուծում են թուրքերը, ընդհանրապես, թուրքերն են ամեն տեղ ներխուժել և քաղցկեղի նման ամեն տեղ թուրքեր են։ Հետևաբար, ես կարծում եմ, որ նույն կերպ այս հեռուստաընկերությունում ևս որոշակի առանցքային պաշտոններ ունեն թուրքերն ու ադրբեջանցիները և նրանց անմիջական մասնակցությամբ է այս պատահարը տեղի ունեցել»,- ասաց Հոխիկյանը։

Կորյուն Սիմոնյան