Երևան +14°
copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 16:00 08-05-2024

Պուտինի երդմնակալության թնջուկը․ անհաղթ հերոս, քաջ Նիկոլ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Կրեմլի Մեծ պալատում կայացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը, որով նա 5-րդ անգամ 6 տարի ժամկետով ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը։

Պուտինը նախագահի պաշտոնում վերընրտվել էր մարտին կայացած նախագահական ընտրություններում, որոնցում նա ստացել էր քվեների մոտ 87․28 տոկոսը։ Նշենք, որ այս արդյունքներն արևմտյան երկրների մեծամասնության կողմից չեն ճանաչվել։

Հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության միտումների ֆոնին Հայաստանում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում էր՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ այդ արարողությանը, թե՞ ոչ։ Երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը չի մասնակցելու արարողությանը, դա հանրության մի հատվածի շրջանում դա կրկին քննարկումներ առաջացրեց, իսկ իշխանամերձ քարոզչությունն այն սկսեց որակել որպես ՀՀ-ի ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու նպատակով գործող կառավարության կողմից ձեռնարկված հերթական քայլը։

Ավելին՝ այս հարցն այնքան էր հետաքրքրում հանրությանը, որ նախօրեին կայացած ասուլիսում լրագրողներից մեկը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի մասնակցելու ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի մասնակցել է Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնամուտի արարողությունը։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը նշեց, որ Թուրքիայից միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացել էր, իսկ ՌԴ-ից նման հրավեր չի եղել։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը շատերի մոտ տպավորություն ստեղծեց, որ Ռուսաստանի նախագահի երդմնակալության արարողությանը բազմաթիվ օտարերկրյա պետությունների ղեկավարներ են մասնակցել, իսկ Հայաստանի Հանրապետության «անկախական և հակառուս» վարչապետին Մոսկվա չեն հրավիրել։ Այս թեզը նույնպես ակտիվորեն տարածվում էր իշխանամետ քարոզիչների կողմից, ովքեր այս օրերին ջանք չեն խնայում Փաշինյանից հակառուս գործիչ կերտելու համար։

Մեր ընթերցողների ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն բանին, որ Պուտինի երդմնակալության արարողությանը որևէ օտարերկրյա պետության ղեկավար չի մասնակցել։ Կրեմլի Մեծ պալատում անցկացված արարողությանը ներկա էին Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ինչպես նաև այլ ռուս պաշտոնյաներ ու տարածաշրջանային ղեկավարներ։

Պուտինի երդմնակալության արարողությանը օտարերկրյա պետություններին ներկայացնում էին Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված նրանց դեսպաններն ու դիվանագետները։

Չնայած Մոսկվայից հայտնել էին, որ հրավերներ ուղարկվել են Ռուսաստանում հավատամագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին, սակայն արևմտյան երկրների մեծամասնությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրամիության բազմաթիվ պետություններ, ներկա չէին։

Նկատենք՝ վերջին շրջանում հակառուսական հայտարարություններով աչքի ընկնող, «անկախական և հակառուս» Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի Հանրապետությունը ներկայացված էր այս միջոցառմանը՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի մակարդակով։

Այսպիսով՝ հանգուցալուծվեց Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության շուրջ իշխանությունների և իշխանամերձ քարոզիչների կողմից ձևավորված թնջուկը։ Մինչ նրանցից շատերը հանրությանը փորձում էին վստահեցնել, որ Փաշինյանի վարած «անկախ» արտաքին քաղաքական կուրսը դժգոհություններ է առաջացրել Մոսկվայում, որի համար էլ ՀՀ վարչապետը հրաժարվել է մասնակցել ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը, սակայն, ինչպես պարզվեց, միջոցառմանն օտարերկրյա որևէ առաջնորդ չի ներկա չի գտնվել։

Այլ կեպ ասած՝ հերթական անգամ փլուզվեց «անհաղթ հերոս» Նիկոլ Փաշինյանի շուրջ ձևավորված կերպարը, որի ստեղծելու համար իշխանական քարոզչությունը վերջին շրջանում պարզապես ջանք չէր խնայում։

Վերջիններս նույն համառությամբ պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը չի շնորհավորելու պետության ղեկավարի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինին, սակայն Հայաստանի վարչապետն այս հարցում նույնպես սեփական քարոզիչներին հուսախաբ արեց և շնորհավորեց ռուս գործընկերոջը։