Երևան +16°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 ամիս առաջ - 21:00 05-03-2024

Ադրբեջանն անգամ գերիներին է տեր կանգնում. հայ զինվորը զրկված է դրանից

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Ադրբեջանի իշխանություններն Արցախի բռնազավթումից հետո վերջիններիս նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցել, որոնց շրջանակներում առ այսօր դատավճիռներ չեն կայացվել, սակայն ենթադրվում է, որ նրանք կդատապարտվեն երկարաժամկետ կամ ցմահ ազատազրկման։

Նախօրեին «GALLUP» հետազոտական ընկերությունը հրապարակել էր իր կատարած հարցման արդյունքները, որի շրջանակներում քաղաքացիները պատասխանել էին հետևյալ հարցին՝ ՀՀ կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկո՞ւմ է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի գերեվարությունից ազատելու համար։ Հատկանշական է, որ հարցվածների մեծամասնությունը Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը բավարար չէր համարել։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը համաձայնեց դիտարկման հետ, որ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը բավարար չեն՝ նշելով՝ դա ժողովրդի կարծիքն է, որն ինքը կիսում է։ Նրա խոսքով՝ ոչ միայն այս, այլ նաև մյուս բոլոր ուղղություններով՝ Հայաստանի իշխանությունների քայլերը շատ ցածր մակարդակի վրա են։

Դավիթ Գալստյանը կարծում է, որ գործող իշխանությունները նման կերպ են վերաբերվում ոչ միայն Արցախից բռնի տեղահանված անձանց ու նրանց խնդիրներին, այլ նաև Հայաստանի Հանրապետությանը։ Նա կարծում է, որ գործող իշխանությունները խուսափում են իրենց կատարած քայերի պատասխանատվությունից, մեղավորներ են նշանակում, ինչը ոչ մի իշխանության վայել չէ։

«Յուրաքանչյուր իշխանություն պետք է կարողանա որոշումներ կայացնի և այդ որոշումների համար պատասխանատվություն կրի։ Սա չես կարող ասել օրվա իշխանությունների մասին»,- ասաց նա։

Հարցին, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու նպատակով ՀՀ իշխանություններն ինչ քայլեր կարող են ձեռնարկել, որը նրանք չեն անում, Դավիթ Գալստյանը պատասխանեց՝ հիշեցնելով նախորդ շաբաթ ՀՀ տարածք ներխուժած, իսկ այսօր արդեն Բաքու վերադարձված ադրբեջանցի զինծառայողի օրինակը։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկվեցին՝ սեփական զինծառայողին վերադարձնելու համար։

Արցախցի պատգամավորի խոսքով՝ ադրբեջանցի զինվորականը պաշտպանված է, քանի որ գիտի, որ անգամ գերի ընկնելու դեպքում պետությունն իրեն տեր է կանգնում և ժամ առաջ վերադարձնում է հայրենիք։ «Ցավոք սրտի, այս իշխանությունների օրոք մեր զինվորները զրկված են այդ ապահովագրվածությունից, քանի որ այս իշխանություններն Ադրբեջանի հետ ո՛չ ուղղակի բանակցություններում ոչ մի քայլ չեն ձեռնարկում մեր ռազմագերիների մասով, ո՛չ էլ միջազգային հարթակներում են կարողանում հարցը ճիշտ ներկայացնել, որպեսզի միջազգային ճնշումների ներքո Ադբեջանը վերադարձնի մեր ռազմագերիներին»,- նշեց նա։

Դավիթ Գալստյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ օրվա իշխանությունները չեն կարողանում տեր կանգնել հայ զինվորին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու առհասարակ այն ամենին։ Ըստ նրա՝ այն ամենն, ինչ կապված է հայի ու հայրենիքի հետ, իշխանություններն իրենց պարտվողական կեցվածքով տանում են հերթական պարտությանը։

Անդրադառնալով այն պնդումներին, որ օրվա իշխանությունները Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու հարցում միտումնավոր կերպով քայլեր չեն ձեռնարկում, ինչը պայմանավորված է քաղաքական վրեժխնդրությամբ, մեր զրուցակիցն ասաց, որ նման փաստեր չունի, ուստի չի ցանկանում ենթադրություններ անել։ Նա միևնույն ժամանակ շեշտեց՝ եթե ժողովուրդը խոսում է այդ մասին, ապա ինչ-որ տեղ դա զգացել է։

Գալստյանը հավելեց նաև, որ Արցախի հետ կապված բազմաթիվ հարցերում երևում է, որ միտումնավոր քայլեր են ձեռնարկում՝ արցախցիներին ընկճելու համար։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված