Երևան +10°
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:42 02-12-2023

Իշխանությունը տեր չի կանգնում Ադրբեջանում գտնվող Ռուբեն Վարդանյանին. Լևոն Զուրաբյան

ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերեվարված Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին հրավիրված հրատապ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ ԼՂ նախկին ղեկավարների ճակատագրի համար ՀՀ իշխանությունները որևէ գործ չեն անում, որևէ պահանջ չեն ներկայացնում Ադրբեջանի իշխանություններին։

Ըստ Զուրաբյանի՝ այս իշխանություններն անբարոյական կեցվածք են դրսևորում այն հարցերում, որոնք վերաբերում են Ռուբեն Վարդանյանին, քանի որ Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության և ՀԱԿ դաշինքի միջոցով ընտրված քաղաքապետին շանտաժների միջոցով անվստահության գործընթաց են սկսում։

«Հաշվի առնելով այս հանգամանքը, այսօր իրենք գոնե մի քիչ համերաշխության դրսևորում ունենային, և այս կեղտոտ և ստոր ծրագիրն ինչ-որ չափով «ստոպ» անեին, չգնային առաջ։ Սա սրիկայություն է, անբարոյական կեցվածք է։ Այն նվաճումը, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ամբողջ աշխարհին, մեր հանրությանը, իբր, ժողովրդավարության առումով ունենք նվաճումներ, սա բացարձակ կեղծիք է, այս իշխանություններն իրենց կեցվածքով ցույց են տալիս, որ պատրաստ չեն ընդդիմադիր որևէ իշխանությանը հանդուրժել ՀՀ-ում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իշխանությունը չի հանդուրժում որևէ համայնքում ընդդիմադիր ղեկավարի, քանի որ ցանկանում են անվերահսկելիորեն թալանել երկիրը: