copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 14:40 05-03-2024

Փոխանցումը կատարվել է. ինչու VTB-ի շահառուները թոշակ չեն ստացել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Հանրապետության «Պետական կենսաթոշակների մասին» օրենքը սահմանում է, որ կենսաթոշակը անկանխիկ տարբերակով վճարվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը։ Օրենքի համաձայն՝ 2024 թվականի մարտ ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կսկսվի մարտի 4-ից:

Oragir.News-ն այսօր ՎՏԲ-Հայաստան բանկի շահառու մի խումբ թոշակառուներից դժգոհություններ է ստացել, որ երեկ մինչև ուշ գիշեր կենսաթոշակ չի եղել, ինչը օրենքի խախտում է։ Ընդ որում, թոշակառուներից ոմանք, ովքեր օգտվում են բանկի բջջային հավելվածից, պնդում են՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համապատասխան փոխանցումը կատարել է, սակայն գումարն իրենց բանկային քարտերի վրա անհասանելի է եղել։

Հատկանշական է նաև, որ այլ բանկերի շահառու հանդիսացող թոշակառուները երեկ՝ սահմանված ժամանակում կարողացել են իրենց թոշակները ստանալ, ուստի ենթադրելի է, որ խնդիրը կապված է եղել միայն ՎՏԲ-Հայաստան բանկի հետ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ ՎՏԲ-Հայաստան բանկից, որտեղից մեզ վստահեցրեցին, որ երեկ երեկոյան 18։00-ի դրությամբ թոշակները հասանելի են եղել, և իրենց շահառուները նույնպես կարողացել են ստանալ այն։

Մեր դիտարկմանը, որ ժամը 23։30-ի դրությամբ կենսաթոշակը հասանելի չի եղել ո՛չ հավելվածով, ո՛չ էլ ՎՏԲ-Հայաստան բանկոմատներով՝ բանկի աշխատակիցը նշեց, որ հավանաբար հավելվածը թարմացված չի եղել, և խնդիրը դրանով է պայմանավորված եղել։ «Երեկ երեկոյան ժամը 6-ին թոշակները բոլորը փոխանցված են եղել, իսկ եթե բանկոմատով էլ հասանելի չի եղել, ուրեմն դեռևս պրոցեսի մեջ է եղել»,- ասաց նա։

Բանկի աշխատակիցը մեր ճշտող հարցին, թե երեկ թոշակ վճարվե՞լ է քաղաքացիներին, պատասխանեց՝ վստահաբար այո՛։ Նրա խոսքով՝ եթե թոշակառուների բանկ այցի ամսաթվի, կամ քարտի վավերականության ժամկետի հետ կապված խնդիրներ չունեն, ապա կարողացել են թոշակ ստանալ։

Մեր զրուցակիցը հավելեց, որ իրավասություն չունի անհատապես մեզ դիմած հաճախորդի տվյալներն ուսումնասիրել ու նշել, թե ինչ խնդրի արդյունքում վերջիններս չեն կարողացել կենսաթոշակ ստանալ։

Նա նաև ասաց, որ քաղաքացիները ցանկացած ժամի կարող են դիմել բանկի զանգերի կենտրոն, որը շուրջօրյա ռեժիմով աշխատում է, և աշխատակիցները կպարզաբանեն, թե ինչ խնդրի արդյունքում թոշակառուները չեն կարողացել ստանալ իրենց հասանելիք գումարները։

Դավիթ Գույումջյան