Գյումրիում մեկնարկել են քաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Այս տարի ևս քաղաքի կենտրոնական հատվածում կտեղադրվի նախորդ տարիներին օգտագործված տոնածառը, սակայն այն այս անգամ կներկայացվի նոր դիզայնով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Գյումրիի ավագանու որոշմամբ՝ քաղաքի գլխավոր տոնածառի և փողոցների ամանորյա ձևավորման համար համայնքային բյուջեից կհատկացվի 37 միլիոն 350 հազար դրամ։
Հատկացվելիք գումարի քննարկումը, սակայն, ավագանու նիստում զերծ չի մնացել քաղաքական ենթատեքստ ունեցող բանավեճից։
ՔՊ խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը, խոսելով գումարների տնտեսման և բարերարությունների մասին, ընդգծել է, որ բարեգործությունն ինքնին դրական երևույթ է, սակայն այն չպետք է ուղեկցվի քաղաքական ենթատեքստերով։
Ի պատասխան՝ ավագանու անդամ Ավետիս Առաքելյանը նկատել է. «Պարոն Արամյան, բայց պիտի լավ զգաք, որ մեր գումարները տնտեսում ենք»։
«Մենք տնտեսումից շատ լավ ենք զգում, բայց ոչ քաղաքական ենթատեքստերով բարերարություններից, պարոն Առաքելյան, դրանք տարբեր բաներ են։ Մենք բազմիցս իրար հետ քննարկել ենք, բարերարությունը շատ լավ բան է, եթե նմանատիպ ենթատեքստեր չկան»,- արձագանքել է Շավարշ Արամյանը։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան