Ներքին 2 ժամ առաջ - 21:43 28-11-2026

61 տարեկան եմ, չեմ կարողանում շարժվել, մուրացկանություն եմ անում, որ թոշակի հետ յոլա գնանք․ գյումրեցի մուրացկանի պատմությունը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Տարիներ շարունակ Ռուբեն Հովակիմյանի ամենօրյա զբաղմունքը մուրացկանությունն է։ Նրա մշտական տեղը Գյումրիի Ռիժկովի ճեմափողոցն է։ Տարվա բոլոր եղանակներին՝ անկախ եղանակային պայմաններից, 61-ամյա տղամարդուն կարելի է տեսնել նույն վայրում։

Ձմռան ամիսներին նա փողոցում մնում է մինչև ժամը 18։00-ն, իսկ ամռանը՝ մի փոքր ավելի ուշ։ Ռուբեն Հովակիմյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ օրվա ընթացքում կարողանում է հավաքել շուրջ 2 հազար դրամ։ Այդ գումարը, իր և կնոջ ստացած թոշակների հետ միասին, հազիվ բավարարում է առօրյա կարիքները հոգալու համար։

«61 տարեկան եմ, չեմ կարողանում շարժվել, մուրացկանություն եմ անում, որ թոշակի հետ յոլա գնանք»,- պատմում է Ռուբենը։

Տղամարդու խոսքով՝ առողջական խնդիրներն են իրեն հասցրել այս վիճակին։ Դրա հետևանքով նա դժվարանում է տեղաշարժվել և ստիպված է ամեն օր փողոց դուրս գալ՝ մարդկանց օգնությամբ ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար։

Ռուբեն Հովակիմյանը մեկ դուստր ունի, սակայն վերջինս ապրում է արտերկրում և, տղամարդու խոսքով, ծնողներին չի օգնում։ Այս պայմաններում ամուսինները ստիպված են իրենց ուժերով հոգալ առօրյա ծախսերը՝ ապավինելով թոշակին և անցորդների տված գումարին։

Տարիներ շարունակ նույն փողոցում, նույն տեղում Ռուբենը սպասում է անցորդների օգնությանը։ Նրա համար փողոց դուրս գալը ոչ թե ընտրություն է, այլ գոյատևելու անհրաժեշտություն։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան