Ներքին 1 տարի առաջ - 17:30 03-11-2025

600 մլն դրամ՝ տոնական տրամադրության համար․ Երևանում տոնածառն էլի ժամանակից շուտ է դրվում

Հանրապետության հրապարակում մեկնարկել են մայրաքաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Տոնածառի տեղադրման նախապատրաստական փուլը սկսվել է հոկտեմբերի 30-ին։ Այս տարի աշխատանքները մեկնարկել են սովորականից շուտ․ 2024 թվականին դրանք սկսվել էին նոյեմբերի 5-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 13-ին։

Երևանում այս տարի ամբողջությամբ կփոխարինվեն երկրի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունը։ Այս աշխատանքների համար քաղաքային իշխանությունները մոտ 50 մլն դրամ են նախատեսել։ Oragir.News-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը նշեց, որ այս տարի ամանորյա ձևավորման և տոնական միջոցառումների համար նախատեսված բյուջեն չի փոխվել․ այն մնում է նախորդ տարվա մակարդակում՝ 600 միլիոն դրամ։

«Այս տարի ևս պլանավորվել է 600 միլիոն դրամ բյուջե։ Տոնական ձևավորման համար հայտարարվել է մրցույթ, որը ներկայում ավարտական փուլում է։ Մոտ օրերին մրցույթի արդյունքները կամփոփվեն»,– ասաց Առաքելյանը։

Նրա խոսքով՝ տոնածառի տեղադրման աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը։

«Նախորդ տարվա համեմատ ծախսերի աճ չկա։ Պարզապես նախորդ տարի լույսերի և վարչական շրջանների տոնածառերի գագաթների ձեռքբերման լոտին մասնակից չկար, իսկ այս տարի արդեն ունենք մասնակից»,- հավելեց նա։

Առաքելյանը նաև ընդգծեց, որ պայմանագրերը դեռ չեն կնքվել․ մրցույթն ընթացքի մեջ է, և առաջիկա օրերին կպարզվի, թե որ կազմակերպությունների հետ կկնքվեն պայմանագրերը։

Ինչ վերաբերում է վերջին տարիներին տոնածառի տեղադրման աշխատանքների ավելի վաղ մեկնարկին՝ պաշտոնյան նշեց, որ դա պայմանավորված է աշխատանքների ծավալով․
«Տոնածառի տեղադրումն ունի բարդ կոնստրուկցիա, որը պահանջում է փուլային աշխատանքներ՝ մետաղական կառուցվածքների տեղադրումից մինչև լույսերի և խաղալիքների տեղադրում։ Այդ պատճառով աշխատանքները սկսվում են ավելի շուտ, որ դեկտեմբերի առաջին շաբաթներին ամեն ինչ պատրաստ լինի և հնարավոր լինի վառել տոնական լույսերը։ Չենք ուզում հապճեպ անենք, որպեսզի որևէ բան թերի չմնա»,- ասաց Արմեն Առաքելյանը։

Ի դեպ, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառը սկսել են Նոր տարուց բավականին շուտ տեղադրել՝ սկսած 2022 թվականից, երբ Արցախը հայտնվել էր շրջափակման մեջ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie