Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:19 24-02-2023

Պետք է ամեն ինչ անենք, որ սրանք ժամանակից շուտ ինչ-որ փաստաթղթեր չստորագրեն. Սեյրան Օհանյան

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտաժողովիn լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է, բայց հրամայական է նաև փաստել և ընդունել իրողությունը, որ Խորհրդային Միության փլուզման ընթացքում Արցախը, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը և այլ երկրներ, անկախացել են կամ ինքնորոշվել:

«Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է, սակայն հրամայական է նաև իրողության ընդունումը, որը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ Սովետական միության փլուզման ընթացքում Արցախը, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը և այլ երկրներ, ինքնորոշվել են իրենց պատմական տարածքում։ Մենք պետք է ընդունենք, որ Արցախը ինքնորոշվել է։ Այս իշխանության գործողությունների հետևանքով է, որ Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում, դիվանագիտական ներուժը քայքայվել է, երկիրը մտել է պատերազմի մեջ։ Իրենց դիվանագիտական աշխատանքը ոչնչացնում է բոլոր կարմիր գծերը, որոնք ընդդիմությունն անընդհատ առաջ է քաշում։ Այս իրողության մեջ Արցախի ինքնորոշումն անհրաժեշտություն է, դրա միջազգային ճանաչումը՝ հրամայական: Արցախն իր պատմական տարածքում ապրելու իրավունք ունի: Դրա վառ վկայությունն են նաև Արցախի հանդեպ Ադրբեջանի կատարած հանցագործ գործողությունները ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, այլ Արցախի անկախության ամբողջ ճանապարհին՝ և՛ Խորհրդային Միության ժամանակ, և՛ 1988-ին, և՛ Ապրիլյան պատերազմի ժամանակ: Նրանց հռետորաբանությունը հուշում է, որ անհնար է նույն պայմաններում նրանց հետ ապրել: ՀՀ-ն Արցախին մտցնելով այսպիսի անկլավային դժվար իրավիճակ, ձեռքերը լվանալու իրավունք չունի:Հայաստանը հանձնառություն ունի Արցախի ժողովրդի անվտանգ եւ կայուն զարգացման համար։ Մեր ողջ ընդդմադիր հանրույթը պետք է ամեն ինչ անի, որ սրանք փաստաթղթեր չստորագրեն, որոնք կվնասեն մեր պետությանը»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ դժվար է պատկերացնել, որ այս իշխանությունները կարող են տանել նրան, որ Արցախն ինքնորոշված լինի։

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ չէր ցանկանա՝ Ռուբեն Վարդանյանը հեռանար պետնախարարի պաշտոնից։ Այդ հեռացումը բացասական հետևանքներ կունենա Արցախի վրա։

«Ես Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ որպես հաջողված գործարարի և բարերարի Հայաստանի ու Արցախի համար։ Ես նրա գործունեությանը Արցախում առաջին հերթին հայրենասիրական տեսանկյունից եմ նայում, թե ով և ինչպես է նշանակել նրան, ես տեղյակ չեմ։ Ռուբեն Վարդանյանը սկսել էր գործընթաց, որը գեներացնում էր պայքարի ոգին»,- ընդգծեց նա։