Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտա - Պապ թագավորի (նախկին Ամիրյան) փողոցի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser» և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով վնասվածք է ստացել նաև գլխի հատվածում և սկզբից հրաժարվում էր հիվանդանոց մեկնելուց, մինչև որ բժիշկները համոզեցին, որ ճիշտը տեղափոխվելն է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: