Ուղիղ եթեր
Ներքին 13 րոպե առաջ - 13:59 23-11-2026

Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության դիմաց, բախվել են «Toyota Land Cruiser Prado», «Mercedes», 2 «Nissan Rogue» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ վթարը տեղի է ունեցել նաև վրաերթ և վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վրաերթ-վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է, իսկ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։