«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը կրկին առաջարկել է Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ կազմակերպել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ։
ԱԺ-ում ելույթի ժամանակ Ղազինյանը դժգոհել է, որ արդեն շուրջ մեկուկես տարի է՝ նման առաջարկ է անում, սակայն մինչ օրս արձագանք չի ստացել։
Պատգամավորը Պետրոսյանին կոչ է արել հրապարակային բանավեճի ընթացքում հիմնավորել ՀԷՑ-ի և Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցվող մեղադրանքները։
Ղազինյանը նաև ներկայացրել է իր պնդումները՝ նշելով, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը ձեռք է բերել 30 մլն դոլարով, իր վրա վերցրել ընկերության 12 մլրդ դրամի կրեդիտորական պարտքն ու 100 մլն դոլարի պարտավորությունները։
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը ձեռքբերման պահին ընդամենը 2-3 ամսվա կենսունակություն ուներ, և իշխանություններին կոչ է արել հերքել այդ պնդումը։
«Առաջարկ եմ արել, ասել եմ՝ 64 պատգամավոր եք, որ մեկը ցանկանա ճշմարտությունն ու ամբողջն իմանալ՝ պատրաստ եմ։ Հրապարակային, առանձին, ոչ մեկը չի դիմել»,– հայտարարել է Ղազինյանը։