Այսօր Ազգային ժողովի դիմաց «Մարտական եղբայրություն» կուսակցությունն ակցիա է իրականացրել՝ ընդդեմ Ալիևի կողմից պարտադրված սահմանադրական հանրաքվեի իրականացման։
«Այս խաղաղությունը մենք պարտքով վերցրել ենք ապագայից՝ մեր սերունդների հաշվին, և վճարելու են մեր սերունդները, որովհետև կոնֆլիկտի վերաբացումը անխուսափելի է»,- ասեց պատմաբան, «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Ակցիայի ընթացքում պատմաբան, «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության բնույթին, դրա տևականությանը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։
«Խաղաղությունը օդից չի ընկնում։ Այն, ինչ մենք այսօր ունենք, կոնկրետ հետևանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, այսինքն՝ պարտության, չնայած ճիշտ կլինի ասել՝ ոչ թե պարտության, այլ պարտության ընդունման»,-ընդգծեց Տեր-Աբրահամյանը:
Նա խոսել է նաև սահմանազատման գործընթացի և Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջների մասին՝ նշելով, որ այդ գործընթացները հավասար պայմաններում չեն իրականացվում։
«Ասում են՝ սահմանազատում։ Ի՞նչ սահմանազատում, ոչ մի սահմանազատում չի եղել։ Եղել է մի դեպք, երբ Ոսկեպարում մենք զիջել ենք դիրքերը, ընդ որում՝ մեր իսկ ղեկավարի խոստովանությամբ՝ եթե չզիջեինք, պատերազմ կսկսվեր։ Այսինքն՝ դա խաղաղ գործընթաց չէ, դա վերջնագիր էր՝ ուժային։»,- նշեց նա։
Անդրադառնալով Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջին՝ Տեր-Աբրահամյանը ասաց.
«Ալիևը երեք տարի ասում է՝ եթե սահմանադրությունը չփոխեք, այդ թուղթը չեմ ստորագրելու, և դա, բնականաբար, էլի վերջնագիր է, ուժային պահանջ է։ Հայաստանի ներքին գործերի մեջ խառնվել է, Հայաստանը փաստացի կառավարել է։ Ադրբեջանի սահմանադրության մեջ էլ խնդիրներ կան։ Կարող է՝ դուք էլ փոխեք։ Ի՞նչ փոխել, գնացեք կպեք ձեր գործերին։»,- ասել է նա։
Տեր-Աբրահամյանն անդրադարձել է նաև վերջին հանդիպումների ընթացքում քննարկված ջրային ռեսուրսների վերահսկողության հարցին՝ նշելով, որ առաջին հայացքից անվնաս թվացող թեմաների ներքո կարող են թաքնված լինել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջները։
Պատմաբանի խոսքով՝ այս ամենի հետևանքով ձևավորված իրավիճակը չի կարող երկարաժամկետ և կայուն խաղաղություն ապահովել, իսկ դրա հետևանքները կրելու են նաև ապագա սերունդները։
«Ելքը շատ պարզ է։ Այս ամբողջ պատրանքներից մենք պետք է ազատվենք, որ իբր հնարավոր է հավասար պայմաններով խաղաղություն Ադրբեջանի հետ։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը մի շանս ունի՝ նորից վերածվել ուժային գործոնի և այդ դիրքերից խոսել բոլորի հետ՝ թշնամիների, թե դաշնակիցների։ ։
Ի՞նչ է նշանակում ուժային գործոն։ Դա նշանակում է պարզ բան՝ ուժին ուժով պատասխանելու կարողություն։ Քո դիմացինը պիտի իմանա, որ հաջորդ անիմաստ պահանջի դեպքում դու չես կատարում և պատրաստ ես դա պաշտպանել»,- հավելեց նա:
Տեր-Աբրահամյանը, որպես օրինակ բերելով սահմանազատման և սահմանադրության փոփոխության հարցերը, նշել է, որ Հայաստանը պետք է կարողանա նաև սեփական պահանջները ներկայացնել Ադրբեջանին։
«Ասում են՝ խաղաղություն, և ամեն օր ժողովրդին վախեցնում են պատերազմով։ Ամբողջ կառավարման համակարգի փիլիսոփայությունը ինչի՞ վրա է հիմնված՝ գլուխներդ չբարձրացնեք, կռիվ կլինի, ինձ ընտրեք, թե չէ կռիվ կլինի,- ընգծրց Հրանտ Տեր-Աբրահամյանը։