Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 16:00 09-04-2026

Ինչու են Փաշինյանն ու Կարապետյանը վախեցնում խեղճ ժողովրդին 

Երկու կրակի մեջ ենք։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանն է վախեցնում, որ եթե ինքը 65 տոկոս չստանա, ապա սեպտեմբերին պատերազմ կսկսվի Հայաստանի դեմ։ Մյուս կողմից Սամվել Կարապետյանն է վախեցնում հուլիսին սպասվող տնտեսական պատերազմով։

«Հիմա պարզ է՝ Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին»,- ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ապրիլի 7-ին տարածված ուղերձում։

Այսինքն՝ եթե քաղաքացին Սամվել Կարապետյանին ընտրի, ապա սեպտեմբերին մեր դեմ պատերազմ կսկսվի։ Եթե ՔՊ-ին ընտրի, ապա հուլիսին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ կսկսվի, որը ոչ պակաս աղետալի կարող է լինել։

Ի՞նչ անի խեղճ ընտրողը երկու կրակի արանքում։ Ինչո՞ւ են երկու կողմից վախեցնում նրան։ Եվ կա՞ այս իրավիճակից ելք։

Լավատեսորեն ենթադրելի է, որ երկուսն էլ ստում են։ Ո՛չ հուլիսին կարող է լինել տնտեսական պատերազմ ՌԴ-ի հետ, ո՛չ սեպտեմբերին իրական պատերազմ Ադրբեջանի հետ։ Պարզապես խաղում են պատերազմի զոհեր և քաղցած երեխայի աչքեր տեսածների վախերի վրա, փորձում վախեցնելով՝ քվե կորզել։ Տպավորություն է, թե միասին ու պայմանավորված խաբում ու վախեցնում են ժողովրդին, որ նա սթափ ընտրություն չկարողանա կատարել։

Կան նաև հոռետեսական վարկածներ, որոնք խորացնում ու հիմնավորում են Փաշինյանի ու Կարապետյանի կողմից տարածվող պատերազմական կանխատեսումները։

Նախ դիտարկենք Սամվել Կարապետյանի՝ ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմի մասին կանխատեսումը։

Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ են կիրառում ժողովրդավարական գրեթե բոլոր երկրները։ Պատժամիջոցներից տուժում են ոչ միայն ՌԴ-ն ու ռուսները, այլև եվրոպացի արտադրողները, սպառողները, ժողովուրդը։ Այս իրավիճակը կարելի է որակել տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետ։ ՀՀ-ն նման պատերազմ սկսելու համար նախ պետք է ժողովրդավարությունը հռչակի որպես քաղաքակրթական ընտրություն, հետո դուրս հրավիրի ռուսական զորքերը, դուրս գա ԵԱՏՄ-ից, մտնի ԵՄ, միանա ԵՄ կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, իսկ ՌԴ-ն էլ ՀՀ-ի դեմ պատասխան սանկցիաներ կիրառի։ Այսքանը դժվար է մեկ ամսում հասցնել։ Եվ այս մասին ակնարկ չկա ՔՊ ծրագրում, Փաշինյանի հրապարակային խոսքում։

Ուստի՝ առաջ է գալիս այլ վարկած։

Ենթադրվում է, որ Սամվել Կարապետյանն այս հայտարարությամբ ակնարկում է, թե Մոսկվայից իրեն ասել կամ ակնարկել են, որ եթե ինքը չհաղթի, ապա Ռուսաստանը տնտեսական պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ՝ թանկացնելու է գազը, փակելու է Լարսը, սաբոտաժ է անելու երկաթուղին և այլն։ Եթե այսպես է, ապա Սամվել Կարապետյանն ուղղակի դառնում է ռուսական սպառնալիքի հանրայացնողն ու գործիքը։ Նույնկերպ Փաշինյանն էր փոխանցում ժողովրդին չբարեկամների սպառնալիքները, վերջնագրերը։ Բաց է մնում մեկ հարց, եթե ՀՀ-ՌԴ տնտեսական պատերազմ սկսվի հուլիսին, այդ ժամանակ ո՞ւմ կողմից է կռվելու ՌԴ քաղաքացի, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։

Գալով Փաշինյանի կողմից կանխատեսվող պատերազմին, հոռետեսները կարծում են, թե դա էլ է հնարավոր։ Այս դեպքում ևս ենթադրելի է, որ Փաշինյանը փոխանցում է մեկ այլ արտաքին ուժերի կամ նույն կրեմլյան սպառնալիքը, որոնք սպառնում են, որ եթե ՀՀ-ում հունիսի 7-ին իշխանություն փոխվի, և հաջորդ իշխանությունը չպահպանի Փաշինյանի օրոք ձեռք բերված արտաքին քաղաքական երկկողմ կամ բազմակողմ պայմանավորվածություններն, ապա այդ արտաքին ուժերը սեպտեմբերին իրական պատերազմ կսկսեն Ադրբեջանի կամ Թուրքիայի ձեռամբ՝ ընդդեմ Հայաստանի։ Այս դեպքում էլ լրիվ պարզ չէ։ Այդ ի՞նչ բարդ կամ ապազգային կամ հակամարդկային բան է պայմանավորվել Փաշինյանն արտաքին ուժերի հետ, որ իրենից զատ՝ ոչ ոք չի ուզենա կամ չի կարողանա շարունակել նույն կուրսը։

Այս բարդ իրավիճակից կա ելք։ Փաշինյանն ու Կարապետյանը կարող են լցվել ազնվությամբ և խոստովանել, լիարժեք պատմել, թե ո՞վ է Հայաստանին պատերազմով սպառնում և ինչո՞ւ։ Իսկ եթե այդպիսի իրական սպառնալիք չկա, ապա կարող են մարդասիրական խիզախություն դրսևորել և այլ քարոզչական հնարքներ կիրառել, հրաժարվելով ընտրողին պատերազմով սպառնալու գործիքից, խղճալով պատերազմ, զոհեր, հայրենիքի մի մասի բռնազավթում, սոված աչքեր տեսածներիս։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին