Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 16:00 20-04-2026

Փաշինյանը նորից վախեցնում է. ինչու է հարկ վճարում ՀՀ քաղաքացին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ասում են՝ նորմալ երկրներում հարկ վճարելն իմաստ ունի։ Եվ բոլոր երկրներում բարիք ստեղծող մարդիկ հարկ են վճարում։

Ի՞նչ իմաստ ունի ՀՀ-ում հարկ վճարելը։

Ապրիլի 19-ը Հարկ վճարողի օրն էր։ «Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «Մեր մեծ ընտանիքի բյուջեում»՝ ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն և բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն, իսկ բարեխիղճ հարկ վճարելը հոգատարություն ու պատասխանատվություն ստանձնելն է այդպիսի կյանք ապահովելու ներկա և ապագա սերունդների՝ մեր երեխաների համար, որը, համոզված եմ՝ յուրաքանչյուրդ զգում եք Ձեր հոգու խորքում»,- ապրիլի 19-ին ասել էր ՊԵԿ նախագահը տոնական ուղերձում։

Սա ունիվերսալ մոտեցում է։ Նույնը կարող ենք ասել նաև այլ երկրների պարագայում, այդ թվում՝ խորհրդային բռնազավթման շրջանում։ Հետևապես՝ ՊԵԿ նախագահի խոսքում մեզ հետաքրքրող հարցի պատասխանը չկա։ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի պես բարի չէ։ Նա վախեցնում է քաղաքացուն, սարսափելի բաներ ասում։

«Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, կա հարկ՝ կան հարցեր, որոնք լուծված են կամ լուծվում են, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում: Հետևաբար, ընդհանուր առմամբ, մեր ընկալումն այդ տրամաբանության մեջ է և այն տրամաբանության մեջ, որ հարկային քաղաքականությունը պետք է մարդկանց խթանի, որպեսզի նրանք ավելի շատ արդյունք գեներացնեն և ավելի շատ հարկ վճարեն, որովհետև եթե դա տեղի չունենա, նշանակում է, որ զարգացում տեղի չի ունենում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը ապրիլի 18-ին, շնորհավորել բոլորին Հարկ վճարողի օրվա առիթով, կարևորել այս առանցքային գործոնը պետություն և տնտեսվարող հարաբերությունների համատեքստում։

Փաշինյանի խոսքում սպառնալիք կա։ Կարելի՞ է ասել, որ ովքեր հարկ չեն վճարում, նրանք պետության դեմ են։ Հարկահավաքության այսպիսի մարտավարություն կիրառում են զավթիչները, սպառնում են ժողովրդին, որ եթե հարկ չտան, ապա նրանց համար վատ-վատ բաներ կլինեն։

Ժողովրդավարական, ազատ երկրներում ժողովրդին այսպես չեն վախեցնում, վատ-վատ բաներ ակնարկելով չեն հարկ հավաքում։ Նորմալ երկիրն ունենում է ազգային իդեալ։ Դա տվյալ ազգի, պետության առաքելությունն է, իմաստը, տալիքն աշխարհին, Աստծուն։ Այս տեսանկյունից՝ հավաքվող հարկն այդ իդեալի իրականացման համար է։

Հայաստանի ազգային իդեալն անհայտ է։ Նույնիսկ եթե այն կա, ապա որևէ մեկն այն պարզ չի ձևակերպել ու ներկայացրել հանրությանը, որ մարդիկ իմանան, թե ինչի՞ համար են հարկ վճարում։

Եթե հարկ վճարելը միայն հանրային կարիքների՝ ճանապարհի, դպրոցի, մանկապարտեզի կառուցման համար է, ապա հարկ վճարելը սոսկ սոցիալական պարտականություն է, մուրացկանին ողորմություն տալու պես մի բան։ Եթե սոսկ այսպես է, ապա մարդիկ կարող են նախընտրել իրենց բիզնեսը գրանցել այլ երկրում, օֆշորում, այլ երկրի հարկ տալ, այլ մուրացկանի ողորմություն։ Իսկ եթե հարկ վճարելը նաև ազգային կարևոր խնդիրների համար է, եթե պետությունը լուրջ անելիք, ասելիք ունի աշխարհում, ապա հարկ վճարելն իսկապես դառնում է կարևոր բան, մարդը հասկանում է, թե իր լուման ի՞նչ ազգային նպատակ է մոտեցնում, ինչ թանկ նվաճում կամ ձեռքբերում է պահպանում։

Կարելի է օրինակներ բերել, որ ՀՀ-ում հարկատուների միջոցները ոչ միշտ են ազգային խնդիրների վրա ծախսվել։ Թե՛ նախկինում, թե՛ հիմա հարկատուների միջոցներից այնպիսի ծախսեր են կատարվել, որ որևէ կերպ ո՛չ պետության, ո՛չ հասարակության համար չեն։

Ի վերջո՝ քաղաքական լեքսիկոնից պետք է դուրս գան «պետության փողեր» կամ «ժողովրդի փողեր» հասկացությունները։ Այդպիսի փողեր իրականում չկան։ Կան հարկատուների միջոցներ, որոնք տնօրինում է ընտրություններում ընտրողների մեծ մասի վստահությանն արժանացած կուսակցությունը։ Մեզ մոտ հարկ վճարելու գիտակցումն այլասերման շեմին է, քանի որ նույնիսկ այս պարզ հարցերում ժողովրդավարական մտածողությունը բացակայում է։

Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագիրը կարդալուց բացի՝ պարտավոր է ներկայացնել նաև, թե քաղաքացին ինչո՞ւ է հարկ վճարում, ի՞նչ ազգային նպատակին է ծառայելու նրա վճարած հարկը վաղը։ Ավելին, ողջամիտ մտավախություն կա, որ Փաշինյանի ապաքաղաքական խոսույթի պարագայում կարող են գլուխ բարձրացնել անարխիստական շարժումներ, որոնք կարող են ոգևորվել Մաքս Շտիրնեռի «Ես ու իմ գործը» աշխատությամբ կամ Նեստոր Մախնոյի արկածներով և հրաժարվել հարկ վճարելուց, հերոսություն անելով այլ ոլորտներում։

Թաթուլ Մկրտչյան Թաթուլ Մկրտչյան