«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Գրիգոր Գրիգորյանը՝ «Շերիֆը», Հակակոռուպցիոն կոմիտեում, տեղեկանալով իրեն առաջադրված մեղադրանքի մասին, հայտարարել է, որ այն չի ընդունում և ասելիք չունի։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Մարտի 1-ի գործով այսօր մեղադրյալի կարգավիճակում հայտնված մի շարք նախկին պաշտոնյաների գործերն այդպես էլ դատարան չհասնեն։ Հնարավոր է՝ մեղադրյալները համաձայնեն վաղեմության ժամկետի կիրառմանը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։
Նկատենք, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելը ոչ արդարացնող հիմք է. անձը համաձայնում է գործի դադարեցմանը, սակայն անմեղ չի ճանաչվում։
Հիշեցնենք՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ին դատախազի որոշմամբ Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իրեն ենթակա զինծառայողներին հրամայել է «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում կիրառման համար նախատեսված «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազի նռնակներ։
Իրավապահների վարկածով՝ առանց անհրաժեշտ կարգավորման և նախազգուշացման կիրառվել են նաև ժամկետանց ու ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ։ Դրա հետևանքով ցույցի երեք մասնակից մահացել է, երկու անձ ստացել է ծանր, ևս մեկը՝ միջին ծանրության վնաս։
Սակայն գեներալ Գրիգորյանը չի ընդունում այս մեղադրանքները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։