Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանից նահանջելու մասին՝ այն թողնելով հութիների վերահսկողության տակ, հաղորդում է Reuters-ը։
Այս քայլն ամրապնդում է շարժման դիրքերն աշխարհի կարևորագույն ծովային հանգույցներից մեկում և լրացուցիչ ռիսկեր ստեղծում միջազգային նավագնացության համար։
Միջազգային հանրության կողմից ճանաչված Եմենի կառավարությանն աջակցող հարավային զինված կազմավորումները կիրակի հայտնել են Թաիզի նահանգի արևմտյան մասում գտնվող Դհուբաբի օդանավակայանից և Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանից ստորաբաժանումների վերատեղակայման մասին։
Նրանց հայտարարության համաձայն, ուժերն ուղղվում են դեպի Ադեն, որտեղ տեղակայված է կառավարությունը՝ քաղաքի և հարևան նահանգների պաշտպանությունն ամրապնդելու համար։
Բաբ էլ Մանդեբի նեղուցը Կարմիր ծովը կապում է Ադենի ծոցի և Հնդկական օվկիանոսի հետ։ Այն համաշխարհային առևտրի առանցքային ուղիներից մեկն է. դրանով անցնում են Ասիայից Սուեզի ջրանցքով դեպի Եվրոպա ուղևորվող բեռնատար նավերը։ Այս ծովային միջանցքի նկատմամբ հութիների վերահսկողության ուժեղացումը կարող է նրանց լրացուցիչ լծակներ տալ միջազգային նավագնացության վրա ճնշում գործադրելու համար։