Արտաքին 15 րոպե առաջ - 15:39 15-11-2026

Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ձերբակալվել է 219 մարդ

Ֆրանսիայում թանկացումների և ոստիկանության բռնությունների դեմ նոյեմբերի 14-ին ամբողջ երկրում անցկացված բողոքի ցույցերի ընթացքում 219 մարդ է ձերբակալվել։

Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը։

Նախարարության տվյալներով՝ ձերբակալվածներից 22-ը Փարիզում են, այդ թվում՝ երեք անչափահաս։ Ձերբակալությունները հիմնականում կատարվել են զենք համարվող առարկաներ կրելու, վիրավորանքներ հասցնելու, ինչպես նաև ցույցերի և որոշակի վայրերում գտնվելու արգելքը խախտելու համար։

Երկրի տարբեր հատվածներում բողոքի ակցիաների ընթացքում ծագած անկարգությունները ճնշելիս տուժել է ոստիկանության 10 ծառայող։ Բոլորն էլ թեթև վնասվածքներ են ստացել։ Ցուցարարների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է 106 հազար մարդ, որից 24 հազարը՝ Փարիզում։ Մինչդեռ բողոքի ակցիաների կազմակերպմանը մասնակցած ուսանողական և աշակերտական միավորումները պնդում են, որ ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է 200 հազար մարդ, այդ թվում՝ 100 հազարը՝ մայրաքաղաքում։