Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդման տաղավարում հյուրընկալվել է ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը:
Տիգրան Թորոսյանը խոսել է իրենց անցած ճանապարհի սխալներից առանցքայինի՝ կուսակցությունների կայացման խնդրի մասին, որը մինչև այսօր էլ չի լուծվել հետխորհրդային երկրներում. ըստ նրա՝ պատճառներից մեկը գիտելիքների պակասն է:
«2007 թվականին ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձև, որտեղ արձանագրում էր, որ Հայաստանը բավականին առաջընթաց ունի, մի կողմից՝ վավերացրել է բոլոր կոնվեցիաները, որոնք պարտավորվել էր անդամակցելու ժամանակ վավերացնել, մյուս կողմից՝ օրենսդրական և սահմանադրական փոփոխություններ էր արել, ու երկիրը պատրաստ էր նոր ընթացք ունենալ, բայց ինչ-ինչ պատճառներվ ճանապարհը այլ ձևով գնաց, և ամենամեծ խնդիր այն էր, որ խորհրդարանը նոր կուսակցությունների հաար պիտի դառնար ասպարեզ, որտեղ կայանային, էս հնարավորությունները դեռևս չօգտագործած՝ սկսվեց ճանապարհ դեպի խորհրդարանական կառավարում, չկայացած կուսակցություններով սկսել խորհրդարանական կառավարում անհնար էր»,- նշում է նա:
Խոսելով այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն կուսակցությունները՝ նա շեշտեց, որ կուսակցությունները պետք է ցույց տան օրվա իշխանությունների սխալներն ու թերությունները՝ մյուս կողմից ցույց տալով, որ իրենք գիտեն ինչպես լուծել ստեղծված խնդիրները. «Հայաստանյան կուսակցությունները մարդկանց մասին մոռանում են ընտրության հաջորդ օրը»:
Անդրադառնալով վերջին երկու ընտրություններում իշխանության ստացած քվեներին՝ Տիգրան Թորոսյանը նշեց, որ մարդկանց մեծ մասը՝ երեք քառորդը, չէր ուզում իշխանության օգտին քվեարկել, խնդիրն այն էր, որ ընդդիմադիր կուսակցությունները չէին կարողանում աշխատել հասարակության հետ:
Խոսելով բուհական կրթական համակարգի մասին՝ նա շեշտում է սխալների, կրթական ծրագրերի թերությունների, ոչ կոմպետենտ մասնագետների խնդիրը. «Համալսարաններում կրթական ծրագրերը հարմարեցնում են ծանոթներին ու համախոհներին, մինչդեռ համալսարաններում դասավանդող մասնագետները պետք է գիտնականներ լինեն»:
Անդրադառնալով մեր հիմնական խնդիրներին՝ քաղաքագետն առանձնացնում է գիտելիքի պակասը, հմուտ առաջնորդներ չունենալը. «Պետություն կառուցելու համար անհրաժեշտ է գիտելիք, մենք առաջնորդների խնդիր ունենք»:
Այս և այլ հետաքրքիր հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան