Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան չի միջամտի Սիրիայի ներքին գործերին ու այնտեղ նոր ռազմական գործողություն չի ձեռնարկի, եթե այդ երկրի նոր իշխանությունները ամբողջական վերահսկողություն սահմանեն Սիրիայի ողջ տարածքի վրա։ Ֆիդանը նաև չէր բացառել, որ Թուքիան իր զորքերը դուրս կբերի Սիրիայի տարածքից։
Որոշ փորձագետների համոզմամբ՝ Թուրքիան ներկայումս Սիրիայի տարածքում գտնվող քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություն է նախապատրաստում, իսկ Ֆիդանն այս հայտարարությամբ պարզապես փորձում է քողարկել դա։ Նրանք նշում են, որ Թուրքիան մինչև 2025 թվականի հունվարի 20-ը՝ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, կփորձի քրդական զինված ուժերի դեմ հուժկու ռազմագործողություններով մեկընդմիշտ լուծել Սիրիայում քրդերի հարցը։
Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը շեշտեց, որ Թուրքիայի արտգործնախարարը ստում է, և այդ երկիրը Սիրիայի տարածքից իր զորքերը դուրս չի բերելու։ Նա նշեց, որ Թուրքիան Սիրիայում իրավիճակին միջամտում է ոչ թե ուղղակիորոն՝ իր բանակով, այլ իր վերահսկողության ներքո գտնվող զինված խմբավորումների միջոցով։
/Տիրան Լոքմագյոզյան, թյուրքագետ/«Քրդերի հետ կապված ժամանակին նույնը անում էին Իրաքի տարածքում, սա արդեն Թուրքիայի սովորական գործելաոճն է։ Այսինքն՝ իրենք կան Սիրայում ու ապագայում նույնպես կլինեն, Թուրքիան մտադիր չէ դուրս գալ Սիրիայից, որովհետև այնտեղ կան քրդերը։ Քրդերի հետ կապված իրենք պետք է իրենց հաշիվները մաքրեն, իսկ զորքերի կուտակումն էլ հենց դրա հետ է կապված։ Քանի որ Սիրիայի հարցն արդեն լուծված է, իհարկե՝ ի օգուտ Թուրքիայի, որովհետև այնտեղ հազարներով Թուրքիայի կողմնակիցներ կան՝ տասնյակ հազարներով՝ թե՛ արաբներ, թե՛ թուրքմեններ, որոնք ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից, հրամաններ ու հրահանգներ են ստանում։ Հենց դրա շնորհիվ էլ իրենք հաջողության հասան»,- ասաց նա։
Լոքմագյոզյանի խոսքով՝ այժմ Թուրքիայի խնդիրը քրդերի հետ է, որոնք Սիրիայի տարածքի գրեթե ⅓-ը իրենց վերահսկողության տակ են պահում։ Ըստ նրա՝ դա Թուրքիային դուր չի գալիս, և այս երկիրը ցանկանում է, որ իր սահմանի երկայնքով քրդեր չլինեն․ «Այ դրա հետ կապված խնդիրը լուծելու հարցը կա, ինչը Թուրքիան փորձում է անել»։
Oragir.News-ի հարցին՝ մինչև Թրամփի երդմնակալությունը՝ Թուրքիային կհաջողվի՞ քրդական խնդիրը մեկընդմիշտ լուծել՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ նախքան Թրամփի երդմնակալությունը շատ դերակատարներ են ցանկանում ինչ-որ հարցեր լուծել, այդ թվում ԱՄՆ ներկայիս ղեկավարությունը։ Ըստ նրա՝ 2 օր առաջ Թրամփը Թուրքիային քաղցր խոսքեր շռայլեց, Էրդողանին խելոք մարդ անվանեց․
«Դրանով ինքը ողջ աշխարհին ասեց, որ այս տարածաշրջանում «տոն տվողը» Թուրքիան է, ու Թուրքիան լինելու է։ Դրա համար՝ եթե ընտրությունը լինի Թուրքիայի և քրդերի միջև, բնականաբար ԱՄՆ-ն միշտ էլ Թուրքիայի կողմն է բռնելու, պարզապես պետք եղած ժամանակ քրդերին օգտագործում է ու նրանց միջոցով Թուրքիային զսպում է, ասում է՝ սպասի, իմ գործերը քրդերի օգնությամբ ավարտին հասցնեմ, հետո էլ՝ ինչ ուզում ես, արա։ Հիմա եթե ԱՄՆ-ն ընտրություն կատարի, դա լինելու է ի օգուտ Թուրքիային՝ լինի դա Թրամփը, թե Բայդենը»։
Տիրան Լոքմագյոզյանը հավելեց՝ մինչև Թրամփի պաշտոնամուտը դեռ 1 ամիս ժամանակ կա, որի ընթացքում շատ բան է հնարավոր անել։ «Թուրքիան գուցե 100%-ով չհասցնի քրդերի հարցը լուծել, բայց այնուամենայնիվ, ինչպես ասեցի, Թրամփն էլ դեմ չէ Էրդողանի քաղաքականությանը, Թրամփի գալուց հետո էլ նա կարող է իր գործը շարունակել։ Բայց մեծ մասով՝ այո՛, ինքը այս 1 ամսում պետք է ինչ-որ բան անի, ու կարող է հասնի իր նպատակներին»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան