Փաշինյանի մեղմ, նուրբ և զգույշ քննադատը․ Անահիտ Բախշյանի գրառումների էվոլյուցիան
copy image url

Փաշինյանի մեղմ, նուրբ և զգույշ քննադատը․ Անահիտ Բախշյանի գրառումների էվոլյուցիան

Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 16:00 11-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

ԱԺ նախկին պատգամավոր, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը նախօրեին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Դատախազությունից ստացել է ոչինչ չասող պատասխան։ «Տեսնես ե՞րբ են քննարկելու ու ի՞նչ ընթացք ունի 1999թ. ՀՀ Ազգային ժողովում կատարված ահաբեկչության կազմակերպիչների, պատվիրատուների մասով 2019թ.-ին վերաբացված քրեական գործը»,- գրել էր նախկին պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ հասարակությունը սպասում է այս գործի բացահայտմանը։

Թեպետ Անահիտ Բախշյանն իր գրառմամբ համոզմունք էր հայտնել, որ քանի դեռ այս գործը չի բացվել ու Հայաստանի թշնամիները չեն բացահայտվել, մեր պետականությունը լինելու է վտանգի տակ, սակայն նա Նիկոլ Փաշինյանին քննադատող որևէ բառ անգամ չէր գրել ու չէր պահանջել, որ վերջինս հստակ միջոցներ ձեռնարկի՝ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտելու համար։ Հիշեցնենք՝ նույն Նիկոլ Փաշինյանը 2021-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր վերընտրվելու համար այս թեման նույնպես շահարկեց՝ հայտարարելով, որ ՔՊ-ի օգտին տված ձայնը թույլ կտա գտնել ահաբեկչության կազմակերպիչներին, սակայն ընտրություններից շուրջ երեքուկես տարի անց այս գործով որևէ առաջընթաց չի արձանագրվել։

Հատկանշական է, որ Անահիտ Բախյանը, ով նախքան 2020 թվականի Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմը աջակցում էր Նիկոլ Փաշինյանին և սրբագրում վերջինիս բացթողումները, պատերազմից հետո ժամանակ առ ժամանակ քննադատում է վերջինիս, սակայն պարբերաբար նրա հետ միջոցառումների է մասնակցում ու դրանց ժամանակ իր քննադատություններն անձամբ չի ուղղում կառավարության ղեկավարին։ Նկատել ենք նաև, որ Բախշյանը տարբեր պատճառաբանություններով խուսափում է նաև լրագրողների այն հարցերից, որոնցում վերջիններս խնդրում են գնահատական տալ Փաշինյանի գործողություններին։

Հասկանանք, թե Անահիտ Բախշյանն ինչպիսի դիրքորոշում է ունեցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ու դրանք ինչպիսի էվոլյուցիայի են ենթարկվել նախորդ 6 տարիների ընթացքում․

Օրինակ՝ 2018 թվականի ապրիլի 20-ին [Սերժ Սարգսյանը դեռ հրաժարական չէր ներկայացրել-խմբ․] Անահիտ Բախշյանը, ով միևնույն ժամանակ Երևանի ավագանում «Ելք» խմբակցության անդամ էր, բաց նամակով դիմել էր Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ կիսում է վերջինիս մտահոգությունները ու կմասնակցի նրա նախաձեռնած հանրահավաքին։ Բախշյանը նաև խնդրել էր Փաշինյանին բացատրել, թե ինչ է նշանակում թավշյա հեղափոխություն ասվածը, ինչով է այն տարբերվում մյուս հեղափոխություններից և գործող Սահմանադրության որ հոդվածներով է հանգուցալուծվելու երկրում ստեղծված ճգնաժամը։

Մեկ տարի անց՝ 2019-ի ապրիլի 20-ին Բախշյանը կրկին հրապարակային դիմել էր Փաշինյանին՝ կոչ անելով նրան իր կաբինետի պաշտոնյաներին վարակել «օրենքի պահանջները կատարելու նկատմամբ իր հետևողական օրինակով»։ Նա միևնույն ժամանակ նշել էր, որ անձմաբ Նիկոլ Փաշինյանի աշխատանքից դժգոհություններ չունի․ «Ձեր մասին ոչինչ չունեմ ասելու,Դուք իսկապես շատ եք աշխատում, բայց Ձեր թիմի որոշ անդամների աշխատավայրում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի ՕԳԳ-ն շատ ցածր, որովհետև արդյունքը չի երևում։ Մասնավորապես, նկատի ունեմ կրթության ոլորտը, որտեղ առաջնային և երկրորդային խնդիրները հստակեցված չեն և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող գործողություններն արդյունավետ չեն։ Հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը ոլորտում ուղղակի տեղապտույտ է տալիս»։

Արդեն 2020-ի օգոստոսի 6-ին՝ 168․am-ին տված հարցազրույցում, տիկին Բախշյանը նշել էր, որ Հայաստանի ապագայի մասին Նիկոլ Փաշինյանի գեղեցիկ խոսքերին կասկածով է վերաբերվում։ Նույն հարցազրույցում Բախշյանը սխալ էր համարել Հայոց եկեղեցու պատմություն առարկան կրթական չափորոշիչ հանել՝ միևնույն ժամանակ նշելով, որ 2004 թվականից ի վեր, երբ առարկան ներդրվեց դպորցական ծրագրերում, այդ առարկայի ուսուցիչներ Մանկավարժական համալսարանն այդպես էլ չպատրաստեց, և այն մնաց տարբեր մանկավարժների ժամերը լրացնելու հույսին:

Արդեն 44-օրյա պատերազմից անց՝ 2021 թվականի մարտի 7-ին, Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել հեռանալ, ընդգծել՝ նրա հետ որևէ մեկը չի պատրաստվում բանակցել․ «Փաշինյա՛ն Նիկոլ, Ձեզ դիմում եմ որպես Սյունեցի Յուրի Բախշյանի այրի, ով իր գիտակցական կյանքում կանգնած է եղել Հայաստանի պետականության կայացման հիմքում, ով չէր կարող պատկերացրել այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, իր հարազատ Զանգեզուրը։Այն միլիմետր-միլիմետր սեղմվում է, օտարվում բոլորիս աչքի առաջ։ Իսկ դուք, ձեր կառավարությունը ոչինչ չեք ձեռնարկում, հանգիստ դիտողի դերում եք, չեք արձագանքում, իսկ որ ամենավատն է՝ չեք էլ կարող ձեռնարկել։ Ձեզ հետ ոչ մեկը չի բանակցում և չի պատրաստվում բանակցել, դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք։ Այլևս չենք վստահում ձեզ։ Հեռացեք»։

Արդեն նույն տարվա ապրիլի 25-ին, երբ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու նպատակով հրաժարական էր ներկայացրել, Բախշյանը Փաշինյանի խոսքում մեղքի զգացում չէր նկատել, սակայն հաջորդիվ չէր մոռացել ընդգծել, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են նախկին բոլոր իշխանությունները․ «Նիկոլ Փաշինյանի այսօրվա արտասանած հրաժարականի խոսքում չկար մեղքի զգացում, իսկ «հպարտ քաղաքացիներ» բառակապակցությունն ուղղակի անտեղի էր, այն այս ապիկար իշխանության շնորհիվ կորցրեցինք 2020թ, նոյեմբերի 9-ին։ Հ․Գ․ Կանխելով որոշ հայրենակիցներիս հակադարձություններն այս մասին, շեշտեմ, որ այդ կորստին նպաստել են անցած բոլոր իշխանությունները»։

Չնայած այս ամենին, Փաշինյանի վերընտրությունից հետո Անահիտ Բախշյանը շարունակեց կառավարության ղեկավարի ներկայությամբ մասնակցել հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում անցկացվող հիշատակի միջոցառումներին ու իր քննադատություններն անձամբ չուղղել վերջինիս։

2023 թվականի հոկտեմբերի 27-ին Անահիտ Բախշյանն ԱԺ-ի բակում նշել էր, որ Փաշինյանն անգամ «Մարտի 1»-ի գործը չկարողացավ բացահայտել, որն անձամբ իրեն էր առնչվում, համոզմունք հայտնելով, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը նույնպես չի բացահայտվի։

Տիկին Բախշյանին վրդովվեցրել էր Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի Հանրապետությունում թիվ 1 հերոսը հարկ վճարով քաղաքացին է։ Բախշյանը նշել է՝ ժամանակին սխալվել է, երբ Փաշինյանին անվանել է «տղաս»՝ նշելով, որ ինքն ու իր ամուսինը՝ Յուրի Բախշյանը չէին կարող նման տղա ունենալ։

2024-ի հոկտեմբերի 18-ին ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված իր բաց նամակում Անահիտ Բախշյանը նշել էր, որ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի բակում անիմաստ ծաղկադրման արարողությունը վաղուց սպառել է իրեն և այլևս չի ցանկանում մասնակցել այդ անբովանդակ, կեղծ արարողությանը ու ավելի գործուն քայլեր եմ ակնկալում հատկապես հիմա։ Չնայած այս ամենին, Անահիտ Բախշյանը հոկտեմբերի 27-ին կրկին մասնակցեց այդ արարողությանը, իսկ լրագրողների հետ զրույցում նշեց՝ 5 տարի է «Հոկտեմբերի 27»-ի գործը բացվել է, սակայն ոչինչ չի արվել։ «5 տարի է` իբր բացվել է գործը, ինչու թեկուզ փակ լսում չեն անում, հասկանաք՝ ինչ է կատարվում: Մեկ տարի էլ անցավ, ոչինչ չարեցին: Հիմա գործն արդեն քննչականում է: Վերջերս Քյարամյանը ԱԺ-ում հաշվետվություն էր տալիս, ոչ մի պատգամավոր հարց չտվեց, չասաց՝ պարոն Քյարամյան, փետրվարից այդ գործը ձեր ենթակայության տակ է, ի՞նչ եք արել, ինչ եք պատրաստվում անել»,- ասել էր Բախշյանը՝ նշելով, որ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից, սակայն կրկին՝ անհատապես վերջինիս չէր մեղադրել այդ ամենի համար։

Այսպիսով՝ Անահիտ Բախշյանի գրառումների և հրապարակային խոսքի էվոլյոցիան թույլ է տալիս եզրակացնել, որ վերջինս Նիկոլ Փաշինյանին հիմնականում նախընտրում է քննադատել անանուն, իսկ երբ դա հնարավոր չի լինում, ապա քննադատել հնարավորինս մեղմ և զգույշ։ Ենթադրում ենք, որ տիկին Բախշյանը Նիկոլ Փաշինյանին չի համարում Հայաստանում ստեղծված ներկայիս իրավիճակի, այդ թվում «Հոկտեմբերի 27»-ի գործի չբացահայտման գլխավոր մեղավորը և կիսում է իշխանամետ շրջանակների կողմից հանրության շրջանում տարածվող այն թեզը, որ ամեն բան կանխորոշված էր, իսկ խեղճ Փաշինյանը ոչինչ չէր կարող/չի կարող անել։ Ըստ մեզ՝ տիկին Բախշյանի քննադատությունների բարեկամական բնույթն այլ բացատրություն չունի։

Ասվածը հիմնավորում է նաև այն հանգամանքը, որ Անահիտ Բախշյանը Նիկոլ Փաշինյանից շատ ավելի խստորեն քննադատում է Հայաստանի նախկին իշխանություններին։ 2021-ի ապրիլին իր հարցազրույցներից մեկում Բախշյանն անընդունելի էր համարել նախկին իշխանությունների, հատկապես Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, դժվարացել էր պատասխանել հարցին՝ Հայաստանում կա՞ որևէ գործիչ ով կարող է երկիրը ստեղծված ծանր իրավիճակից դուրս բերել, ինչպես նաև, իսկ 2022-ի նոյեմբերի 6-ին էլ Հ1-ի «Չքաղաքականացնե՜լ. Անահիտ Բախշյանի տանը» հաղորդաշարի շրջանակներում նա դժգոհել էր ՀՀ-ում խորհրդարանական ընդդիմության գործունեությունից՝ դժվարանալով վերջինիս ընդդիմություն անվանել։





Ձեզ գուցե հետաքրքրի