copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:00 05-12-2024

Իշխան Զաքարյանի «անկախության» գինը և Սորոսի հիմնադրամը․ ովքեր են վերապատրաստելու մանկավարժներին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Օրերս Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները:

Չնայած այն բանին, որ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են 7 կազմակերպություններ, սակայն դրանցից միայն 2-ն են պետական բուհեր՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը։ Մյուս 5 կազմակերպությունները հետևյալն են․ «Էդիթ Պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն, «Վարդանանք Կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպություն, «Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն։

Oragir.News-ը Հայաստանի կրթական գերատեսչությունից փորձեց հետաքրքրվել՝ վերջիններս ի՞նչ մոդուլներ են ներկայացրել, դրանք հրապարակման ենթակա՞ են, թե՞ ոչ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Առաջին հայացքից սրանք մանկավարժների վերապատրաստում իրականացնող և կրթության բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպություններ են, ու նրանց ընտրության մեջ արտասովոր ոչինչ չպետք է լիներ, սակայն վերջիններիս սեփականատերերի տվյալներն ուսումնասիրելիս բազմաթիվ ուշագրավ փաստեր հայտնաբերեցինք․

Սկսենք Վարդանանք կրթահամալիրից, որի հիմնադիրը ԱԺ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի կինն է՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանը, տնօրենը՝ նրանց դուստրը՝ Շուշանիկ Զաքարյանը։





2007-2017 թվականներին ՀՀ Վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Զաքարյանը 2021-ին ԱԺ պատգամավոր ընտրվեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով, սակայն ամիսներ անց նրա քաղաքական հայացքներում կտրուկ շրջադարձ եղավ, ու նա արդեն նույն տարվա վերջին դուրս եկավ խմբակցությունից։ Վերջին 3 տարում Զաքարյանը գործող իշխանությունների նկատմամբ չեզոքություն է պահպանում, երբեմն էլ՝ հաճոյանում։

Զաքարյանի կինը՝ Գայանե Սողոմոնյանը նույնպես աչքի է ընկել գործող իշխանություններին հաճոյանալով․ 2022-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում Ժաննա Անդրեասյանի նշանակումը Սողոմոնյանին շատ էր ոգևորել, և նա նախարարին ֆեյսբուքյան գրառմամբ ջերմ շնորհավորել էր։ «Դուք կարողացաք մերան լինել, մոբիլիզացնել կրթության պրոֆեսիոնալներին, նվիրյալներին ու շարունակել նայել առաջ՝ առաջնորդելով մի հզոր բանակ։ Կեցցե՛ք, ի գործ», - ցնծությամբ գրել էր Գայանե Սողոմոնյանը:

Մանկավարժներին վերապատրաստող կազմակերպությունների հետ Իշխան Զաքարյանի կապերն այսքանով չեն սահմանափակվում․ հաջորդը «Հույս և ապագա» հասարակական կազմակերպությունն է, որի հիմադիրը Էլմիրա Պողոսյանն է, ներկայիս տնօրենը՝ նրա դուստրը՝ Օվսաննա Պողոսյանը, և նրանց ընտանիքը փոխկապակցված է Իշխան Զաքարյանի ընտանիքի հետ։ Օվսաննա Պողոսյանը սովորել է «Վարդանանք» կրթահամալիրում, իսկ նրա հայրը՝ ԳՇ պետի նախկին օգնական, գեներալ Պողոս Պողոսյանը ՊՆ-ին պատկանող հողամասը գնել է 25 մլն դոլարով, ապա՝ 420 մլն դրամով վաճառել՝ Իշխան Զաքարյանի որդու ընկերոջը՝ Գարուշ Պապիկյանին։ Այս բացահայտումը նախորդ տարի կատարել են «Հետք»-ի մեր գործընկերները, իսկ Պապիկյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել էր, որ նա Զաքարյանի որդու ընկերն է։

Ընտրված մյուս կազմակարպությունը՝ «Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպությունը թեպետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժման հետ որևէ կապ չունի, այն հիմնադրվել է դեռևս 2004 թվականին։ Ուշագրավ է, որ այս կազմակերպությունը հիմնվել է Բաց հասարակության հիմնադրամների՝ հանրությանն առավել հայտնի Սորոսի հիմնադրամին պատկանող Բաց հասարակության ինստիտուտի կողմից։ Կազմակերպության գործունեության վերաբերյալ փաստաթղթերում նշվում է, որ «Քայլ առ քայլ»-ի նպատակները բացառապես բարեգործական ու կրթական են, իսկ հիմնադրամի գլխավոր նպատակ որպես այդպիսին նշվում է բաց հասարակության զարգացմանը նպաստելը։

Մյուս կազմակերպության՝ «Թիչինգ ըքադեմի»-ի մասին մեզ շատ տեղեկություններ չհաջողվեց պարզել։ Կազմակերպության տնօրենը Լուսինե Պողոսյանն է, իսկ այն հիմնադրվել է 2024 թվականին։

Այսպիսով՝ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ԿԳՄՍ նախարարությունը փաստացի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման գործընթացը վստահել է մի կողմից Իշխան Զաքարյանի ընտանիքին ու նրա հետ փոխկապակցված անձանց, մյուս կողմից՝ Սորոսի հիմնադրամին։ Ըստ էության, քրեական գործերի հարուցման սպառնալիքներից զատ Իշխան Զաքարյանի քաղաքական կուրսի շրջադարձային փոփոխության ու «անկախության» գինը նաև նրա ընտանիքին տրված այս արտոնություններն են եղել։ Հավանաբար հենց սրա դիմաց նա լքեց իրեն պատգամավոր դարձրած խմբակցությունը ու համալրեց ԱԺ լռակյաց պատգամավորների շարքերը, իսկ թե այս ամենը ինչ հետևանքներ կունենա կրթության ոլորտի վրա, տեսանելի կլինի ավելի ուշ։






adv_banner

Ամենից շատ դիտված