Երևան +10°
copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 19:00 13-03-2024

Թեև պաշտոնական որոշում չկա, արցախցի պատգամավորներին թույլ չեն տալիս հեռանալ ՀՀ-ից

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մամուլում այսօր տեղեկություններ հայտնվեցին, որ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը։ Մասնավորապես, օրերս նման վիճակում է հայտնվել պատգամավոր Գեղամ Ստեփանյանը, իսկ արգելքի պատճառը կապված է կոնկրետ քրեական գործի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի ԱԺ պատգամավորները հերթով հրավիրվում են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ իրավապահները արցախցի օրենսդիրներին հարցնում են Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառների մասին՝ հետաքրքրվելով, թե ով կարող էր նրան ստիպել հրաժարական տալ։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց մամուլում տարածված տեղեկությունները։ Պատգամավորը նշեց՝ թեև անձամբ իր հետ նման միջադեպ տեղի չի ունեցել, քանի որ այս ընթացքում չի փորձել Հայաստանի սահմանի հատել, սակայն իր գործընկերներից լսել է, որ նման խնդիր առկա է։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ նման խնդիր եղել է ոչ միայն Գեղամ Ստեփանյանի, այլ նաև այլ պատգամավորների հետ։ Նա ասաց, որ պատգամավորներն այդ խնդրի մասին իմացել են օդանավակայանում՝ թռիչքի պահին, երբ իրենց թույլ չեն տվել հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Արցախցի պատգամավորը միևնույն ժամանակ նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու են արցախցի պատգամավորներին արգելում լքել ՀՀ տարածքը։

Հարցին, թե ներկայումս Արցախի ԱԺ պատգամավորների հարցաքննությունները շարունակվո՞ւմ են, ինչի մասին նույնպես մամուլը գրել էր՝ Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ վերջին շրջանում նման հարցաքննությունների մասին տեղեկություններ չունի, սակայն նախորդ ամիսներին պարբերաբար պատգամավորներին հրավիրել են հարցաքննությունների։

Մեր զրուցակիցը հավելեց՝ Հայաստանից արցախցի պատգամավորների ելքն արգելող որևէ պաշտոնական որոշում չկա։ «Կարծես թե տպավորություն է, որ ներքին կարգով նման որոշում կա, որն օրինականացված չէ»,- եզրափակեց նա։

Մետաքսե Հակոբյանը մեզ հորդորեց կոնկրետ Գեղամ Ստեփանյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ վերջինիցս տեղեկություններ ստանալ, քանի որ նա ավելի տեղեկացված կլինի։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապվել նաև անձամբ Գեղամ Ստեփանյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Դավիթ Գույումջյան