copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 ամիս առաջ - 19:00 08-03-2024

Ռուս սահմանապահների հեռացո՞ւմ, թե՞ նիկոլական կռուտիտ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում աճող հակառուսական տրամադրությունների ֆոնին վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը։ Այս մասին քննարկումներն ակտիվացան, երբ մարտի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՀ-ն պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները, իսկ մարտի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր կիպրացի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ նշեց, որ օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ ռուս սահմանապահների կարիքն այլևս չի զգացվում։

ԱԽ քարտուղարի և ԱԳ նախարարի այս հայտարարությունները Հայաստանում իրարամերժ քննարկումների և կարծիքների առաջացման պատճառ դարձան։ Մինչ արևմտամետ թևը ողջունում է այս նախաձեռնությունը՝ պնդելով, որ այն բարձրացնում է մեր երկրի ինքնիշխանությունը, ռուսամետ թեևն առնվազն չի աջակցում որոշմանը, քանի որ կարծում է, թե սա իշխանությունների հակառուսական քաղաքականության հերթական դրսևորումն է։

«Զվարթնոց» օդանավակայանից ից ռուսներին հանելու մասին քննարկումներին նախորդել էր Ներքին Հանդի արյունալի միջադեպը, որի հետևանքով հայկական կողմը չորս զոհ էր ունեցել: Իշխանության ներկայացուցիչներն այս միջադեպից հետո սկսեցին կասկածի տակ դնել ավելի քան երեք տասնամյակ Հայաստանի սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահների գործունեության արդյունավետությունը:

Օդանավակայանից ռուսներին հեռացնելն ավելի վաղ ճիշտ որոշում էր համարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս մտավախություն էր հայտնել, թե ռուս սահմանապահները մի օր էլ հայերին դուրս կհանեն այնտեղից, ինչպես արցախցիներին՝ Արցախից:

Ինչպես Արմեն Գրիգորյանն, այնպես էլ Արարատ Միրզոյանն իրենց խոսքում չհստակեցրեցին, թե հայկական կողմն ինչ ժամկետներում է ակնկալում, որ ռուս սահմանապահները դուրս կգան «Զվարթնոց»-ից։ «Ծանուցումն արվել է համապատասխան ծառայությունների միջոցով, ինքս գուցե հիմա ճիշտ չներկայացնեմ տեխնիկական մանրամասները, բայց կարծում եմ, որ մեծ ժամկետների մասին չի խոսքը»,- նախօրեին նշել էր Արարատ Միրզոյանը։

Չնայած պաշտոնական Երևանը պնդում է, որ ռուս սահմանապահները Հայաստանի սահմաններին հայտնվել են՝ աջակցելու նորանկախ հայկական պետությանը, այնուամենայնիվ այժմ առնվազն օդանավակայանում նրանց ներկայության կարիքը չկա։ Պաշտոնյաները վստահեցնում են, որ խոսքը միայն «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման մասին է, թեև, Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում Հայաստանի իշխանությունները պատրատսվում են ռուս սահմանապահներին հեռացնել նաև հայ-իրանական սահմանից։

Հայ-ռուսական հարաբերությունների և ՀՀ-ում ռուսական սահմանապահների ներկայության վերաբերյալ քաղաքացիները կարող են տարբեր մոտեցումներ ունենալ, սակայն ողջամիտ կասկածներ են առաջանում, որ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ռուս սահմանապահները ոչ թե հեռացվելու են օդանավակայանից, այլ վերջիններս չեն մասնակցելու միայն անձնագրային ստուգման գործընթացին։ Նկատենք, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ լրագրողի ճշտող հարցին ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայությունը պետք է իրականացնեն բացառապես հայ սահմանապահները, ինչը վկայում է այն մասին, որ ռուս սահմանապահները տեսականորեն կարող են շարունակել իրենց ներկայությունը, սակայն վերահսկողության գործընթացում ներգրավված չլինեն։

Չենք բացառում, որ սա Հայաստանի իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյատիվ նախաձեռնությունն է, որով վերջիններս մի կողմից փորձում են հաճոյանալ Հայաստանի բնակչության այն հատվածին, ովքեր ցանկացած գնով ՀՀ ինքնիշխանության բարձրացման ջատագովն են, որի ճանապարհին պատրաստ են աչք փակում ինքնիշխանության շարունակական գահավիժման և տարածքային կորուստների վրա, իսկ մի կողմից բավարարում են նաև Մոսկվայի պահանջների՝ արտաքուստ լարվածության պատկեր ստեղծելով։ Այս դեպքում օդանավակայանով ՀՀ ժամանող, կամ այնտեղից հեռացող մեր հայրենակիցները ռուս սահմանապահներին չեն տեսնի, սակայն նրանք կշարունակեն մնալ «Զվարթնոց»-ում՝ հասանելիություն ունենալով և մշակելով մեր երկիր մուտք ու ելք անող քաղաքացիների տվյալները։

Այսպիսով՝ փաստենք, որ սա ինքնիշխանության բարձրացման քողի ներքո արվող հերթական քայլն է, որն իրականում առնվազն չի բարձրացնելու ՀՀ ինքնիշխանությունը, պարզապես գոհացնելու է հանրության որոշակի խմբերին և նպատելու, որ վերջիններս հնարավոր արտահերթ, կամ հերթական ընտրությունների ժամանակ իրենք ձայնը տան ոչ թե ռուսամետ ընդդիմությանն, այլ ինքնիշխանական իշխանությանը։ Առիթներ ունեցել ենք պնդելու, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հակառուսական վարքագիծը սահմանափակվում է միայն հայտարարություններով, կամ այնպիսի գործողություններով, որոնք գործնականում չեն վնասում Ռուսաստանի շահերին, իսկ իրականում վերջինս սպասարկում է Մոսկվայի օրակարգը։

Հավելենք նաև, որ Մոսվան առ այս պահը չի արձագանքել Արմեն Գրիգորյանի և Արարատ Միրզոյանի հայտարարություններին, ինչը փաստում է այն ողջամիտ կասկածը, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց»-ից ոչ թե հեռացվելու են, այլ չեն մասնակցելու բացառապես անձնագրային ստուգման գործընթացին:

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի
19:23 Փաշինյանի արտառոց սերը կտարածվի նաև տավուշցիների վրա՝ նրանց էլ ողողելով «40+10» հազարական դրամներով
00:00 Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան