Երևան +13°
copy image url
Ներքին Արտաքին Միտք 6 ամիս առաջ - 22:29 05-11-2023

Հակառուս ու անկախական Նիկոլ Փաշինյանը․ իա, իրո՞ք

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատումից հետո հանրության, ինչպես նաև քաղաքական գործիչների շրջանում ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, որ նա արևմուտքի դրածոն է, ու կարողացել է իշխանության գալ հենց արևմուտքի ցուցաբերած աջակցության շնորհիվ։ Միևնույն ժամանակ հատկապես ռուսամետ ուղղվածություն ունեցող քաղաքական ուժերը Փաշինյանին քննադատում են հակառուսական քայլեր ձեռնարկելու և հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու մեջ՝ պնդելով, որ ներկայումս մի շարք հարցերում ՌԴ-ի ցուցաբերած անտարբերությունը կամ անգործությունը պայմանավորված է հենց այս իրողությամբ։

Փաշինյանին ուղղված մեղադրանքները հիմնավորվում են նաև դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած շրջանում նրա կողմից հնչեցված մի շարք հայտարարություններով․ մասնավորապես նա մշտապես հանդես էր գալիս Ռուսաստանին ուղղված քննադատություններով, այդ երկրին էր մեղադրում անգամ ապրիլյան պատերազմը հրահրելու մեջ, որի հետևանքով Ադրբեջանը պետք է տարածքային զգալի ձեռքբերումներ ունենար Արցախում և փոխարենը անդամակցեր ԵԱՏՄ-ին և այլն։

Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախկին իշխանություններին քննադատում էր երկրի ինքնիշխանության մակարդակն իջեցնելու և «ռուսների կոշիկները լիզելու» մեջ, իսկ իր իշխանության օրոք ՀՀ-ն աստիճանաբար վերականգնում է «նախկինների կորցրածը»։ Սակայն Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում իրականացրել է մի շարք քայլեր, որոնք ոչ միայն հակառուսական չեն, այլ նաև ամբողջովին սպասարկում են Ռուսաստանի Դաշնության շահերը․

Դեռևս իր իշխանության առաջին ամիսներին՝ 2018 թվականի սեպտեմբերին, որոշում կայացրեց ՀՀ Պաշտպանության նախարարության մասնագետներից բաղկացած խմբին ուղարկել Սիրիա՝ հավաստիացնելով, որ նրանց գործողությունները կրելու են հումանիտար բնույթ՝ հաջակցություն տեղի հայ համայնքի։

Հատկանշական էր, որ Ռուսաստանը դեռևս 2015 թվականից էր Հայաստանին առաջարկում Սիրիայում համատեղ, այսպես կոչված, հումանիտար առաքելություն իրականացնել, սակայն Սերժ Սարգսյանը մերժել էր առաջարկը՝ իր մերժումը հիմնավորելով Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող վտանգներով: Երևանն այն ժամանակ առաջարկում էր, որ այդ ակցիան իրականացվի ոչ թե ՌԴ հրամանատարության և Հայաստանի դրոշի ներքո, այլ գոնե ՀԱՊԿ հովանու տակ, սակայն կազմակերպության մյուս անդամները կտրականապես դեմ էին դրան:

Փաստացի մեկնելով Սիրիա՝ հայ մասնագետները մասնակցեցին ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերի դեմ իրականացվող միջոցառումներին՝ վնասազերծելով այն ականները, որոնք տեղադրվել են Ասադի ռեժիմի դեմ՝ այդպիսով ձախողելով նրա իշխանությունը տապալելու ամերիկյան ջանքերը։

Նիկոլ Փաշինյանին ուղղված բավականին սուր քննադատություններ հնչեցին, երբ վերջինս 2019 թվականի հոկտեմբերի 1-ին չդիմավորեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ով այցելել էր Հայաստան՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու նպատակով։ Սակայն այս քայլն ավելի շատ ցուցադրական բնույթ ուներ և ուղղված էր ներքին լսարանին։ Ելնելով անհրաժեշտությունից՝ Փաշինյանը արդեն 2022 թվականի նոյեմբերի 23-ին օդանավակայանում անձամբ դիմավորեց Վլադիմիր Պուտինին, ով ժամանել էր ՀՀ՝ այս անգամ ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը դիմավորեց միայն ՌԴ նախագահին՝ այդ կերպ փորձելով ցույց տալ նրա նկատմամբ իր առաձնահատուկ վերաբերմունքը։

2020 թվականի աշնանը, երբ Արցախում ռազմական գործողություններ էին ընթանում, ռազմական գործողությունների դադարեցնելու առաջարկների շրջանակում քննարկվում էր Արցախում միջազգային խաղաղապահ առաքելություն տեղակայելու հնարավորությունը, որը պետք է բաղկացած լիներ տարբեր երկրների ներկայացուցիչներից։ Չնայած այս ամենին՝ Փաշինյանը ստորագրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով Արցախում տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտը, իսկ թե ինչ «արդյունքներ» արձանագրեց այդ կոնտինգենտը, փաստեցին վերջին ողբերգական իրադարձությունները, երբ Արցախն ամբողջովին հայաթափվեց։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական լարվածության պայմաններում Փաշինյանն ամեն գնով ձգտում էր լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ։ Ավելին՝ մի շարք քաղաքական գործիչներ պնդում են, որ Նիկոլ Փաշինյանին 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողվեց հաղթել բացառապես ռուսական կողմի ցուցաբերած աջակցության շնորհիվ։

Չնայած ՀԱՊԿ-ին ուղղված բազմաթիվ դժգոհություններին և քննադատություններին, 2022 թվականի հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ով այդ պահին հանդիսանում էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը, Ղազախստան ուղարկվեցին կազմակերպության խաղաղապահ զորքերը՝ այդ երկրում սրված իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։

Հատկանշական էր, որ ՀԱՊԿ խաղաղապահների կազմում Ղազախստան մեկնեցին նաև հայ զինծառայողները, որոնք նպաստեցին Ղազախստանում ստեղծված իրավիճակի կայունացմանը։ Այս շրջանում ՀՀ իշխանությունները պարծենում էին, որ իրենց հաջողվել է գործարկել ՀԱՊԿ-ի մեխանիզմները և հույս հայտնում, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի դրանք գործարկել նաև Հայաստանի համար։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Հայաստանը պաշտոնական մակարդակում տևական ժամանակ չեզոքություն էր պահպանում, ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի ընդունմանը կամ չէր մասնակցում, կամ ձեռնպահ էր քվեարկում, սակայն այս տարվա հունիսին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ՀՀ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ավելին Հայաստանը սեպտեմբերին հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա, որն ուղեկցեց անձամբ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Միևնույն ժամանակ նկատենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով մի շարք երկրներ արգելել էին բազմաթիվ ապրանքների արտահանումը ՌԴ, սակայն Հայաստանն իր տարածքով թույլ է տալիս զուգահեռ ներկրում իրականացել։ Հայաստանից Ռուսաստան են արտահանվում հիմնականում մեքենաներ, ռազմարդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ պարագաներ, որոնք նպաստում են ռազմաճակատում ՌԴ-ի կողմից արձանագրվող հաջողություններին, կամ հնարավոր կորուստների կանխմանը։

Զավեշտալին այն է, որ նույնիսկ կենցաղային մակարդակում Նիկոլ Փաշինյանը չի համարձակվում հակառուսական քայլ անել․ Wildberries ռուսական առցանց հարթակը վերջերս հսկայական գումարներ էր յուրացրել հայ օգտատերերից, բայց մինչ օրս Հայաստանի իրավապահ համակարգը քրեական գործ չի հարուցել։

Նիկոլ Փաշինյանի «ռուսասիրության» օրինակները բազմաթիվ են․ պարզապես Հայաստանի վարչապետը չափազանց շատ է սիրում ասել մի բան, իսկ անել՝ ճիշտ հակառակը, Հայաստանի անկախության դեմ նրա քայլերն էլ բացառություն չեն։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Փաշինյանի հակառուսական գործիչ լինելու մասին պնդումները պարզապես միֆ են։ Իրականում Հայաստանի իշխանությունների հակառուսական վարքագիծը սահմանափակվում է միայն հայտարարություններով, կամ այնպիսի գործողություններով, որոնք գործնականում չեն վնասում Ռուսաստանի շահերին։ Իրականում Փաշինյանն իր գործունեությամբ ամբողջովին սպասարկում է ռուսական շահերը՝ միևնույն ժամանակ փորձելով բնակչության շրջանում տպավորություն ստեղծել, թե ինքը հակառուսական և անկախական քաղաքականություն վարող գործիչ է։

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հակառուսական հռետորաբանությանը, որը պարբերաբար, ըստ անհրաժեշտության նվազում կամ աճում է, ապա միակ փաստն այն է, որ դրանից օգտվում է միայն պաշտոնական Մոսկվան՝ իր հակահայկական գործողություններն ու դիրքորոշումները պատճառաբանելով Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների հռետորաբանությամբ։

Սրանից կարելի է եզրակացնել, որ ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյան «անկախականի» ելույթները իրագործվում են Մոսկվայի հետ համակարգված։

Նման կերպ բնակչության շրջանում արտաքուստ տպավորություն է ստեղծվում, որ հայ-ռուսական հարաբերությունները լարված են, ինչի հետևանքով Փաշինյանը պահպանում է իր իշխանությունը և ՌԴ-ի հետ հարաբերությունները, իսկ ռուսական կողմը հնարավորություն է ստանում խուսափել իր պարտականությունների կատարումից, կամ լեգիտիմացնել դրանց չկատարումը։


Դավիթ Գույումջյան