Ներքին 11 ամիս առաջ - 18:17 18-11-2025

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց-կրթահամալիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց-կրթահամալիր, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ուսումնական հաստատությունը հիմնադրել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության AMAA բարեգործական հասարակական կազմակերպությունը:

Նիկոլ Փաշինյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և AMAA-ի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել կրթական գործընթացին և ստեղծված պայմաններին:

Նշվել է, որ Ավետիսյան մասնավոր կրթահամալիրն իր մեջ ներառում է մանկապարտեզ և դպրոց, որն ապահովում է 12-ամյա համակողմանի և անվճար կրթություն՝ պետական կրթական ծրագրով, ինչպես նաև հավելյալ կրթական դասընթացների հնարավորությամբ, ինչպիսիք են՝ արհեստական բանականության ուսուցումը և այլ արդի ուղղություններով դասընթացներ: Դպրոցում ուսանում է շուրջ 900 աշակերտ։

Դպրոցը գործում է 7 մասնաշենքից բաղկացած նորակառույց, էներգախնայող և բնապահպանական համալիրում, որն արժանացել է LEED (Leadership in Energy and Environmental Design) միջազգային հավաստագրի։ Համալիրը հագեցած է արևային վահանակներով, վերամշակվող անձրևաջրերի համակարգով, կանաչ տանիքներով։ Դպրոցում գործում է նաև ժամանակակից ջերմատուն, որտեղ երեխաները հնարավորություն ունեն ուսանելու խելացի գյուղատնտեսություն։

Հաջորդիվ անցկացվել է քննարկում, որի ընթացքում վարչապետին ներկայացվել է կազմակերպության կողմից 2026 թ.-ին Վարդենիսում նախատեսվող նմանօրինակ կրթահամալիրի նախագիծը։ Նշվել է, որ այն նախատեսված է լինելու 300 աշակերտի համար։ Հաշվի առնելով Վարդենիսում Կառավարության կողմից ևս նախատեսվող դպրոցի կառուցման նախագծի առկայությունը՝ վարչապետն առաջարկել է պետական և մասնավոր ծրագրերը համադրել միմյանց՝ կառուցելով մեկ 600 աշակերտի համար նախատեսված ուսումնական հաստատություն, որն իր հզորությամբ կբավարարի առկա պահանջարկը։ Առաջարկն AMAA–ի ներկայացուցիչների կողմից ընդունվել է։ Երկրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում շարունակել քննարկումները և մշակել համագործակցության սխեմա։

Միաժամանակ տեղեկացվել է, որ առաջիկա տարիներին AMAA բարեգործական հասարակական կազմակերպությունը նախատեսում է նմանօրինակ կրթահամալիրներ կառուցել նաև Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում