Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Թավշուտ գյուղում կյանքը գնալով դժվարանում է։ Գյուղացիները մի կողմից բախվում են գյուղատնտեսությամբ զբաղվելու տնտեսական խնդիրներին, մյուս կողմից՝ չեն տեսնում իրենց աշխատանքը շարունակելու և գյուղում ապրուստ վաստակելու հեռանկար։
Երբեմնի գյուղական հիմնական զբաղմունքները՝ անասնապահությունն ու հողագործությունը, աստիճանաբար կորցնում են իրենց գրավչությունը, իսկ երիտասարդները հեռանում են գյուղից՝ աշխատանք և ավելի լավ կենսապայմաններ գտնելու ակնկալիքով։ Թավշուտի բնակիչների համար անասնապահությունը վաղուց միայն զբաղմունք չէ, այլ ընտանիքը պահելու հիմնական միջոցներից մեկը։
Սակայն այսօր անասուն պահելը դարձել է լուրջ ֆինանսական բեռ։ Գյուղացիները ստիպված են նախ մտածել, թե ինչպես ապահովեն սեփական անասունների կերը, ինչպես հոգան դրանց պահպանման ծախսերը, և միայն դրանից հետո՝ արդյոք իրենց աշխատանքից որևէ եկամուտ կստանա՞ն։
Իրավիճակն ավելի է բարդանում անասունների մորթի և մսի իրացման հետ կապված խնդիրների պատճառով։ Գյուղացիների դժգոհությամբ՝ սպանդանոցների հետ կապված պահանջները լրացուցիչ ծախսեր ու դժվարություններ են ստեղծում։
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում սպանդանոցային ենթակառուցվածքների հասանելիության խնդիրը ևս հարցեր է առաջացնում։ Արդյունքում գյուղացին հայտնվում է մի իրավիճակում, երբ անասուն պահելը ծախսատար է, իսկ ստացած արդյունքն իրացնելը՝ դժվար։
Գյուղատնտեսության մյուս ճյուղը՝ հողագործությունը, նույնպես չի ապահովում նախկին հնարավորությունները։ Արտադրանքի իրացման դժվարությունները, ծախսերի ավելացումն ու գյուղատնտեսական աշխատանքների ցածր շահութաբերությունը մարդկանց ստիպում են վերանայել իրենց զբաղմունքը։
Երբ գյուղացին չի կարողանում իր աշխատանքով ընտանիք պահել, գյուղատնտեսությունը դադարում է գրավիչ լինել նաև հաջորդ սերնդի համար։ Այս ամենի հետևանքները տեսանելի են նաև գյուղի ժողովրդագրական կյանքում։
Երիտասարդները չեն ցանկանում մնալ մի բնակավայրում, որտեղ աշխատանքի հնարավորությունները սահմանափակ են, իսկ սեփական տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ պայմանները՝ անբավարար։ Նրանք հեռանում են՝ աշխատանք փնտրելու նպատակով, և գյուղում աստիճանաբար նվազում է աշխատունակ բնակչության թիվը։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Թավշուտի քանդված ճանապարհներն ու գյուղի կիսադատարկված վիճակը։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան