Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 19:00 05-03-2024

Գումարներ են մսխում. գործող խունտան նպատակաուղղված քայքայում է հայրենիք-սփյուռք կապերը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում սեպտեմբերի 17-20-ը կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովը, որը կազմակերպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Տարածված հաղորդագրության համաձայն՝ գագաթաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի՝ շուրջ 1000 ներկայացուցիչների:

Oragir.News-ի հետ զրույցում Սփյուռքի նախկին փոխնախարար, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ այս գագաթաժողովից բացարձակապես ոչ մի արդյունք չի ակնկալում, սա հերթական մանիպուլյատիվ գործողությունն է։ Նրա խոսքով՝ նման գագաթաժողով մեկ անգամ ևս իրականացվել է, որի օրակարգային հարցերից և նպատակներից ոչ մեկը տեղեկություն չստացավ։

Սրապիոնյանի համոզմամբ՝ այս գագաթաժողովը Հայաստան-Արցախ-Սփյուռք ձևաչափով անցկացվող գագաթաժողովերի հետ ոչ մի կապ չունի և դրանց դերը չի կարող խաղալ։

«Ուզում են ասել ինչ-որ բան անում ենք, այդ ինչ-որ բանն էլ Աստված անել համարի. փակում են ողջ Օպերայի շրջակայքը, բերում են իրենց կողմից ընտրված ինչ-որ մարդկանց, ովքեր ճանաչում ու ժողովրդականություն էլ չունեն։ Պարզապես գումար են մսխում, ոչ մի սպասելիք չունեմ»,- կարծում է նա։

Սերժ Սրապիոնյանը նշում է՝ գործող խունտան նպատակաուղղված կերպով քայքայում է սփյուռքը, տարբեր համայնքների միջև հակասություններ է սերմանում, ինչպես նաև բաժանարար գծեր է անցկացնում, ինչպես դա արել է Հայաստանի Հանրապետությունում։ Նրա խոսքով՝ «լավագույն արդյունքը», որը կարելի է ակնկալել այս մարդկանց կողմից կազմակերպվող միջոցառումներից սփյուռքը մասնատելն է, նրա դերակատարումը հնարավորինս իջեցնելը և հայրենիք-սփյուռք կապերը քայքայելը։

Հարցին, թե այս գագաթաժողովը կարո՞ղ է նպաստել սփյուռքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը՝ մեր զրուցակիցը բացասական պատասխանեց։ Նրա համոզմամբ՝ եթե անգամ երկաթ գծի ամենածանր ամբարձիչներն էլ բերվեն, Փաշինյանի վարկանիշն այլևս հնարավոր չէ բարձրացնել.

«Ինչպե՞ս կարող է նրա վարկանիշը բարձրանա. երկիրը չի՞ տվել, երկիրը չի՞ տալիս, մեզ համար թշնամիներ չի՞ մոգոնել, թե՞ բյուջեն չի մսխում, բռնապետություն չի հաստատել, Հայաստանն այսպես կոչված ժողովրդավարության բաստիոնից չի վերածվել քաղբանտարկյալների համակենտրոնացման ճամբարի։ Գուցե իրենց կարճ խելքով այդպիսի նպատակ ունեն, բայց այս գագաթաժողովը ոչինչ չի տալու. գալու են զվռնեն, տեսնեն, որ Հայաստանը կամաց կամաց հնդկականանում է, դառնում է հնդկական պրովինցիա ու խնդիրը փակեն»,- շեշտեց նա։

Սերժ Սրապիոնյանը հավելեց, որ այս գագաթաժողովից ակնկալիքներ չունի։ Նա ասաց՝ տարբեր վայրերից գումարներ են բերում, որոնք պետք է մսխել և նման միջոցառումների միջոցով մսխում են այդ գումարները։

Դավիթ Գույումջյան