copy image url
Արտաքին Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 20:00 01-03-2024

Իշխանությունն էլ է մեզ պատերազմով սպառնում. Freedom House-ի զգուշացումը իրականությանը մոտ է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Freedom House-ի կողմից հրապարակվել էր «Ազատությունն աշխարհում» զեկույցը, որն անդրադարձել էր 2023 թվականին տեղ գտած զինված բախումներին՝ նաև բազմիցս կանգ առնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության տեղահանման վրա։ Ըստ զեկույցի՝ վիճելի տարածքների շուրջ զինված հակամարտությունները հանգեցրել են քաղաքական իրավունքների ու ազատությունների անկմանը, և այդ իմաստով հենց Լեռնային Ղարաբաղն է ապրել տարվա ամենամեծ անկումը։

Զեկույցում միևնույն ժամանակ նախազգուշացվել է, որ Ադրբեջանն առաջիկայում կարող է հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա։ Սա հիմնավորվում է այն հանգամանքով, Արցախի գրավումը նպաստել է Ադրբեջանում 2003 թվականից նախագահող Իլհամ Ալիևի ժողովրդականության աճին, և վերջինս ՀՀ-ի դեմ կարող է նոր հարձակում գործել, որի «սահմաններն արդեն խախտված են»։

Oragir.News--ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ Freedom House-ը բարձր հեղինակություն ունեցող միջազգային իրավապաշտպան կազմակերպություն է, իսկ վերջինիս նախազգուշացումը բնական է համարում։ Նրա խոսքով՝ կազմակերպության զեկույցներում երբեմն քաղաքական մոտեցումներ են նկատվում, սակայն զգուշացումները բնական երևույթ են։

Իրավապաշտպանը կարծում է, որ Freedom House-ն առանց հիմքերի նման հայտարարություններ չէր անի։ Նա նշեց՝ տեղյակ չէ, թե Freedom House-ն իր եզրակացությունն ինչ աղբյուրների հիման վրա է կատարել, սակայն կազմակերպությունը միակը չէ, որը նախազգուշացնում է Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի մասին։

«Ինչպես տեսնում ենք, շուրջբոլորը Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին շատ խոսակցություններ կան։ Բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ ահազանգում են վտանգի մասին, և սա իրականությունից այնքան էլ հեռու չէ։ Իշխանությունները հաճախ մեզ էլ են պատերազմով սպառնում, մենք լսում ենք՝ պարբերաբար ասում են, որ լայնածավալ պատերազմ է լինելու, ու մենք ահաբեկված ապրում ենք։ Միևնույն ժամանակ իշխանության կողմից դիմադրության կոչեր չենք լսում՝ պատրաստվելու, դիմակայելու, բանակը պատրաստելու և այլն»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ շարունակաբար սահմանային միջադեպերի հետևանքով զոհերի թիվն աճում է։ Նրա համոզմամբ՝ սա հենց պատերազմական իրավիճակ է։

Հարցին, թե Freedom House-ի նախազգուշացումը միջազգային ինչ ազդեցություն կունենա, Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները երկրներին ահազանգում են հնարավոր սպառնալիքների մասին։ Նրա խոսքով՝ Freedom House-ն այնքան բարձր հեղինակություն ունի, որ երկրներն ու միջազգային կառույցները վերջինիս հետ հաշվի նստում են։

Ալեքսանյանը հիշեցրեց այն պնդումները, համաձայն որոնց՝ 2022 թվականի սեպտեմբերի Ջերմուկի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան կանգնեցվել է Միացյալ Նահանգների կողմից։ Նա ասաց՝ զեկույցը նաև քաղաքական նշանակություն՝ չբացառելով, որ նման կերպ Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, որպեսզի վերջինս խուսափի նոր ագրեսիայից։

«Իմանալով իրենց աշխատաոճն ու հայտարարությունները՝ կարծում է, որ սա բոլորին ուղղված արձագանք է։ Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Թուրքիան և Ռուսաստանը տարբեր հանդիպումներ ու բանակցություններ են վարում, առկա է պատերազմի վտանգ, ուստի այս ահազանգը տեղին է՝ Ադրբեջանի ագրսիան կանգնեցնելու համար»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված