Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:12 23-11-2021

Վարչապետը ներկայացրել է ստորագրվելիք հնարավոր փաստաթղթի բովանդակությունը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Ռուսաստանի վերջին առաջարկը շատ չի տարբերվում նախկինում ռուսական կողմի արած առաջարկներից: Այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ Ռուսաստանի՝ արդեն 4-րդ առաջարկությունը բովանդակությամբ տարբերվում է 2021 թվականի մայիսի 12-ից հետո արված նախկին երեք առաջարկներից և ի՞նչ փուլում է այդ գործընթացն այդ պահին:

«Երբ մենք ասում ենք, որ այդ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, չենք ասում, որ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին: Մենք ուզում ենք դրանով ոչ թե ձևականորեն, այլ իրականում ի ցույց դնել, որ ցանկանում ենք գնալ լուծումների»,- ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ հայկական կողմը նախկինում հանդես էր եկել առաջարկություններով՝ զորքերի հայելային հետքաշում, ինչից հետո ՌԴ-ն առաջարկներ էր արել, որը լիարժեք չէր համապատասխանել հայկական կողմի առաջարկների տրամաբանությանը: «Ռուսաստանը փորձ է անում Ադրբեջանի և մեր դիրքորոշումներից ինչ-որ միջին բան դուրս բերել: Այս առումով ուզում եմ բարձր գնահատել Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը, պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության ջանքերը»,- հայտարարեց վարչապետը:

Նա շեշտեց, որ դինամիկ գործընթաց է տեղի ունենում, կա տարվող դիվանագիտական աշխատանք, որը հրապարակայնացնելը կխաթարի ու կզրոյացնի ողջ գործընթացը: Փաշինյանը հավաստիացրեց, որ այդ ամենի շուրջ աշխատանք է տարվում ամենօրյա ռեժիմով:

«Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին: Այսպիսի բան հնարավոր չէ: Ստորագրվելիք հնարավոր փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին՝ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ որտեղով է անցնելու սահմանը, և որ դա արվելու է տվյալ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա:

«Սահմանազատումն ու սահմանագծումն այնքան բարդ գործընթաց է… Փաստաթուղթը լինելու է այն մասին, որ հանձնաժողով է ձևավորվում, և սկսվում են աշխատանքները. ի՞նչ մեթոդաբանությամբ դա պետք է տեղի ունենա, ի՞նչ իրավական հիմքերի վրա հենվի: Շատ է խոսվում քարտեզների մասին: Պետք է բոլորս հասկանանք, որ քարտեզը նկար է, որն առանց իրավական հիմնավորման որևէ արժեք չունի»,- հայտարարեց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այսօր հայկական կողմը միլիմետրի ճշտությամբ գիտի Խորհրդային Հայաստանի՝ դե յուրե նշանակություն ունեցող սահմանները որտեղով են անցնում:

«Կարող է հնչել հարց և քննադատություն՝ ինչո՞ւ Սովետական Հայաստանի: Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև Հայաստանի Հանրապետությունն անկախություն հռչակել է Սովետական Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը ճանաչել է ՀՀ-ն այդ տարածքով»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
14:41 Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է անում ամեն անգամ խցանման մեջ հայտնվելիս աղմկել (տեսանյութ)
16:00 Ընդդիմությունը հաղթեց լսումներում. նախագիծը մերժվեց. էս էի՞ք ուզում
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
12:49 Արջն ու քոթոթները՝ Ջերմուկում. համացանցում տեսանյութ է հայտնվել
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ