Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:36 03-11-2021

Պոլսահայ պատգամավորը բարձրաձայնել է Թուրքիայում առկա խտրականության մասին

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Խորհրդարանի պլանա-բյուջետային հանձնաժողովում Թուրքիայի կրթության նախարարության 2022 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ընթացք չի տրվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ -HDP) կողմից ներկայացված «մայրենի լեզվի վրա հիմնված բազմալեզու կրթության առաջարկին»։ Պատճառաբանվել է, թե դա հակասահմանադրական է։

HDP-ն առաջարկել է մայրենի լեզվով բազմալեզու կրթության պայմանները ապահովելուն ուղղված նախապատրաստական ​​աշխատանքներ իրականացնելու համար կրթության նախարարության 2022թ. բյուջեն ավելացնել 10 միլիոն լիրայով։

Ծրագրի և բյուջետային հանձնաժողովի նախագահ Ջևդեթ Յըլմազը, որին ներկայացվել է առաջարկը, «Սահմանադրությանը հակասելու» հիմքով ընթացք չի տվել այդ առաջարկին։

HDP կուսակցության համանախագահի տեղակալ, պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը ելույթի ընթացքում ասել է. «Մոտ մեկ ժամ առաջ ԱԶԿ պատգամավորն ասաց, թե այս երկրում խտրականություն չկա, բայց դուք ապացուցում եք, որ կա»։

Կարո Փայլանը հետևյալ գնահատականն է տվել.

Որպես միլիոնավոր քաղաքացիներ՝ թուրքեր, քրդեր, հայեր և ասորիներ, մենք այս երկրում հարկ ենք վճարում... Մենք բոլորս հարկ ենք վճարում։ Մենք ցանկանում ենք, որ այս բյուջեն ծառայի այս երկրի բոլոր քաղաքացիներին։ Ինչպես կրթություն է տրվում թուրքերենով, ֆրանսերենով, անգլերենով, գերմաներենով, այնպես էլ այս երկրում կարելի է կրթություն ստանալ քրդերենով, հայերենով, լազերենով, չերքեզերենով»: