Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 20:00 03-02-2024

Թուրքիայում իշխանափոխության դեպքում էլ ՀՀ-ի հետ հարաբերություններում սրընթաց զարգացումներ չեն լինի․ պոլսահայ լրագրող

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած Թուրքիան առաջին երկրներից մեկն է եղել, որը 1991 թվականի դեկտեմբերի 24-ին ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն առ այսօր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։ Թուրքիան մշտապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը պայմանավորում էր իր կողմից ներկայացված նախապայմանների կատարմամբ՝ Արցախի հարցում Ադրբեջանի օգտին զիջումների կատարում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացից հրաժարում, ինչպես նաև 1921 թվականի Կարսի պայմանագրի դրույթների վերաճանաչում։

Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ծանր պարտությունից 1 տարի անց Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման հերթական փուլը նախաձեռնեցին, հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, սակայն որոշակի փոքր քայլերից, ինչպիսին օրինակ Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթների վերսկսումն էր, կամ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը, այլ հարցերում շոշափելի առաջընթաց առ այս պահը չի հաջողվել արձանագրել։

Հայ-թուրքական հարաբերությունների, դրանց կարգավորման հնարավորությունների, Թուրքիայի քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ զարգացումների վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է պոլսահայ լրագրող և գրող Վերջիհան Զիֆլիօղլուի հետ․

-Հայաստանն ու Թուրքիան Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ 2021 թվականի վերջին, հարաբերությունների կարգավորման գործընթաց նախաձեռնեցին, սակայն կարելի է ասել, որ երկու երկրներին մինչ օրս չի հաջողվել շոշափելի արդյունքներ արձանագրել։ Ձեր համոզմամբ՝ ինչո՞վ է դա պայմանավորված, ինչո՞ւ Հայաստանն ու Թուրքիան չեն կարողանում կարգավորել հարաբերությունները։

-Եթե ​​այս հարցն ինձ ուղղեիք 2008 թվականի սեպտեմբերին՝ ֆուտբոլային դիվանագիտությունից անմիջապես հետո, ես կասեի, որ գործընթացը խոստումնալից է, բայց դրա համար մի փոքր ավելի շատ ժամանակ է հարկավոր։ Այս պահին, որպես երկու երկրների հարաբերություններին ուշադրությամբ հետևող պրոֆեսիոնալ լրագրող, չեմ սխալվի, եթե ասեմ, որ գործընթացը բարդացել է։

Ցավոք սրտի, Փաշինյանի կառավարությունը չի կարողանում նկատել այն մեծ պատկերը, թե ինչպես է արագորեն փոխվում և փոխակերպվում աշխարհագրությունը, որում գտնվում է… Ամենակարևորը՝ անտեսում է Ռուսաստանին, Իրանին և ԱՄՆ-ին։ Իսկ Թուրքիան տարածաշրջանում խոշոր դերակատար է։ Ուստի պատկերացումը, թե «Լավ, Ղարաբաղը ձերն է» ասելով հարաբերություններն անմիջապես կհաստատվեն, հակասում է աշխարհաքաղաքական օրակարգին։

«Զանգեզուրի միջանցք»-ը օրակարգում է, ասենք, որ Փաշինյանի կառավարությունը դրական քայլեր է ձեռնարկել այս առումով։ Լավ, եկեք հետևյալ հարցը տանք՝ Հայաստանը կկարողանա՞ տարածաշրջանային առումով աշխարհագրական մասշտաբով ներքաշվել խաղի մեջ և ինչպե՞ս։ Այս առումով երկարաժամկետ քաղաքականություն մշակվո՞ւմ է:

Ռուսաստանը կարևոր տերություն է։ Ինչպե՞ս է Փաշինյանի կառավարությունը սահմանելու իր դիրքերը այնպիսի ուժերի միջև, ինչպիսիք են Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Եվրոպան և ԱՄՆ-ը։ Հայաստանը երիտասարդ Հանրապետություն է, բայց չի կարողանում երկարաժամկետ հեռանկարում որոշել իր քաղաքականությունը։ Ուստի նա չի կարող տարածաշրջանային իմաստով նշանակալից երկիր դառնալ։

Քաղաքական հարցերը մի կողմ թողնենք․ Թուրքիա-Հայաստան-Սփյուռք եռանկյունում ինչպիսի՞ն է լինելու 1915 թվականի սահմանումը և դրա նկատմամբ վերաբերմունքը․

Օրինակ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանն ապավինեց գերազանցապես քրիստոնեական արժեքներին և աջակցություն ակնկալեց արևմուտքից, հատկապես Ֆրանսիայից։ Ամենակարևոր դետալը, որը Հայաստանը մոռացել է, այն է, որ կրոնական գործոններն աշխարհիկ աշխարհում այլևս չեն գործում։ Եթե ​​Արևմուտքը չունի գազ, հանքեր, երկաթուղային գծեր և այլն, որպեսզի օգուտ քաղի Հայաստանից, ինչո՞ւ պետք է նա նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերի ՀՀ-ին՝ միայն այն պատճառով, որ նա քրիստոնյա է, մի աշխարհում, որն այդքան արագ փոխվում և փոխակերպվում է:

Այսպիսով, որո՞նք են լինելու Արևմուտքի շահերը։

Այս ամենը մի կողմ, կա մի բարդ գործընթաց, որով Թուրքիան անցնում է տնտեսական առումով։ Անցյալ տարի խուսափել են ընտրությունների վտանգից, առաջիկա ամիսներին կրկին ընտրություններ կան։ Ուստի Թուրքիայի օրակարգը ներկայումս զբաղված է ընտրություններով։ Չնայած թուրքական ազգային մամուլում հաճախ է քննարկվում Հայաստանի հետ հարաբերությունների հարցը, բայց ես չեմ հավատում, որ գոնե 2024 թվականի առաջին կիսամյակում այս ուղղությամբ զարգացում կլինի։ Իրականում ես լավատես չեմ, որ սպասվող զարգացումները տեղի կունենան անգամ 2024 թվականի վերջին։ Եթե ​​զարգացում լինի, դա միայն մեծ անակնկալ կլինի։

-Վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կրկին ակտիվացրել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի խոսույթը, մինչդեռ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է ճանապարհ տրամադրել, իսկ միջանցք՝ ոչ։ Ձեր կարծիքով՝ այս հարցն ավելի կարևոր է Թուրքիայի՞, թե՞ Ադրբեջանի համար և ինչպե՞ս կարող է այն ի վերջո լուծվել։

«Զանգեզուրի միջանցք»-ը գերազանցապես կարևոր ուղի է լինելու ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլ նաև թյուրքալեզու աշխարհի համար։ Այս երկարաժամկետ նախագիծը թյուրքալեզու աշխարհի միջև այսպես ասած «Մետաքսի ճանապարհ» կստեղծի, որն իր մեջ կներառի նաև Նախիջևանը։ Թե ինչ դեր կունենա այս համատեքստում Հայաստանը և առևտրային ու տարածաշրջանային համատեքստում ինչպես կշահի «Մետաքսի ճանապարհից», ցույց կտա ժամանակը։

Երբ նայում ենք տեղի ունեցող բոլոր զարգացումներին, կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը այդ գործընթացում ոչ թե «ճանապարհ» է տրամադրելու, այլ 40 կմ միջանցք։ Հակառակ դեպքում անխուսափելի է թվում, որ ցիկլային համատեքստում նոր հակամարտություններ կլինեն։

-Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ինչպիսի՞ մոտեցումներ ունի թուրք հասարակությունը։ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո այս մոտեցումները փոխվե՞լ են, թե՞ ավելի կոշտացել։

-Թուրքական հասարակությունը միաձույլ ամբողջություն չէ։ Ահա, թե ինչ նկատի ունեմ սա ասելով․ կան տարբեր հայացքներ ունեցող մարդիկ։ Մեկ այլ կարևոր դետալ, որը չպետք է մոռանալ, այն է, որ վերջին տարիներին տարբեր աշխարհայացք ունեցող ազատամիտ և կրթված թուրքերն իրենց հանգիստն անցկացնում են Երևանում։ Ուստի սերտ շփումն արդեն սկսվել է։

Ղարաբաղյան պատերազմից հետո ազգային հեռուստատեսությամբ հաղթանակի մթնոլորտ էր տիրում։ Մյուս կողմից, ազատական ​​մամուլում հարցը քննարկվում էր այլ տեսանկյուններից։

Ամփոփելով այս ամենը՝ կարող եմ ասել, որ ձեր նշած «կոշտացում»-ը չի եղել, սակայն այս պահին չենք կարող հերքել նաև, որ Ադրբեջանին հանրային աջակցություն է ցուցաբերվում։

Եթե ​​այլ տեսանկյունից նայենք, ապա վերջին տարիներին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների թեման ժամանակ առ ժամանակ քննարկվում է հատուկ լրատվական ծրագրերում, կամ հիմնական լրատվական ամսագրերում։ Ուստի զարգացումները, այսինքն՝ հարաբերությունների հաստատումը, հասարակության համար այլևս օտար խնդիր չէ։

-Թուրքիայում մարտի 31-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ինչպե՞ս կարող են այս ընտրությունների արդյունքները ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և ընդհանրապես թուրքական քաղաքականության վրա։

Բացի այդ, Գործող նախագահ Էրդողանը և նրա գլխավորած «Ժողովուրդ դաշինք»
-ը ձգտում են ամեն գնով հաղթել հատկապես Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում, որոնց կառավարումը 2019-ից զիջել են ընդդիմությանը։ Ըստ Ձեզ՝ դա նրանց կհաջողվի՞, թե՞ Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը այս անգամ նույնպես կկարողանան հաղթել։

-Չնայած առաջիկա ընտրությունները ՏԻՄ ընտրություններ են, սակայն դրանք ավելի կարևոր են, քան նախորդ տարվա համապետական ​​ընտրությունները։ Օրակարգն օրեցօր սրընթաց փոխվում է, և նոր դերակատարներ են խաղի մեջ մտնում։ Նրանցից մեկն էլ Բաշաք Դեմիրթաշն է՝ «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կինը, ով դեռևս բանտում է։ Քննարկումներ կան, որ նա պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել՝ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունից։

Ուստի նման շիկացած մթնոլորտում մշտական ​​զարգացումներով դատողություններ անելն այնքան էլ տեղին չէ։

Իհարկե, բոլոր կուսակցությունները, այդ թվում իշխող կուսակցությունը, փորձում են և կփորձեն հաղթել ընտրություններում, բայց ինչպես ավելի վաղ ասացի, դեռ վաղ է կանխատեսումներ անելու համար։

Հայաստանում քաղաքական գործիչների և մամուլի ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք Թուրքիայի բոլոր զարգացումները նույնացնում են իրենց հետ։

Չմոռանանք, որ սրանք ՏԻՄ ընտրություններ են, որոնց արդյունքները կարևոր ուղերձներ են պարունակելու Թուրքիայի համատեքստում՝ առաջիկա 10 տարիների համար։

Ի վերջո, պետք է ասենք, որ եթե անգամ ապագայում իշխանությունը փոխվի, և իշխանության գա ավելի չափավոր մարդ, Թուրքիա-Հայաստան հարաբերություններում սրընթաց զարգացումներ չեն լինի։ Եթե ​​անգամ սահմանները բացվեն, հարաբերությունների լիարժեք հաստատման համար տասնամյակներ կպահանջվեն։ Չմոռանանք, որ 1915 թվականը դեռևս ամենաթեժ թեման է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների համատեքստում։

Դավիթ Գույումջյան