Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա առանձնահատուկ համերգ՝ նվիրված հայ խմբերգային արվեստի մեծանուն երախտավոր, պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 98-ամյակին։
Երաժշտական այս երեկոն մեկտեղելու է հայ դասական կատարողական արվեստի լավագույն ավանդույթներն ու համաշխարհային երաժշտական գոհարները՝ արժանին մատուցելով մաեստրոյի անցած փառավոր ճանապարհին և նրա անգնահատելի ներդրմանը հայկական երաժշտական մշակույթի զարգացման գործում։
Համերգին հանդես կգան Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։
Երեկոյի մենակատարներն են՝
Լիպարիտ Ավետիսյան՝ տենոր
Արծվիկ Դեմուրչյան՝ սոպրանո
Քրիստինե Սահակյան՝ մեցցո-սոպրանո
Սոֆյա Սայադյան՝ սոպրանո
Ռոլանդ Սոֆոյան՝ բաս
Գրիգոր Աբրահամյան՝ բարիտոն
Համերգային ծրագրում ընդգրկված են համաշխարհային դասական երաժշտության նշանավոր ստեղծագործություններ՝ Վերդիի «Ազգերի հիմնը», Գունոյի «Զինվորների քայլերգը», «Վալսը» և Մեֆիստոֆելեսի կավատինան, Չուխաջյանի «Մարգարի քառյակները», Վիվալդիի «Գլորիան», Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանայի» եզրափակիչ հատվածը, ինչպես նաև Գարվարենցի «Քեզ համար, Հայաստան» ստեղծագործությունը։
Սպասվում է երաժշտական հագեցած երեկո, որի ընթացքում հզոր երգչախմբային հնչողությունը, նվագախմբային կատարումն ու մենակատարների վարպետությունը կմիավորվեն մեկ բեմում՝ ի պատիվ հայ երաժշտական արվեստի մեծ անհատականություններից մեկի։
Դեկտեմբերի 23, ժամը՝ 19։00
Վայր՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։