Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 22:58 12-10-2021

Երկարատև դադարից հետո «Սպարտակ» բալետը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում է

Հոկտեմբերի 13-ին, 15-ին և 16-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որը երկարատև դադարից հետո վերականգնվել է և դարձյալ թատրոնի խաղացանկում է:

Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է «Սպարտակ» բալետային ներկայացումը խաղացանկ վերադարձնելու նախապատմությանը՝ տեղեկացնելով, որ տարեսկզբին՝ հետպատերազմական շրջանում, իր կողմից հրավիրվել էր Գեղարվեստական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջիկա ծրագրերը: Քննարկման արդյունքում Գեղարվեստական խորհրդի կողմից որոշում է կայացվել վերականգնել «Սպարտակ» բալետը, որը երկու կարևոր նպատակ է հետապնդում:

«Նախ «Սպարտակը» այն բացառիկ ներկայացումն է, որը կարող է համախմբել ամբողջ թատերախումբը՝ միանգամից փորձերի և ներկայացումների արդյունքում աշխատանքային լիարժեք մարզավիճակի բերել ստեղծագործական խմբին: Երկրորդը՝ հետպատերազմական վիճակում մենք կարիք ունենք այնպիսի գեղարվեստական և մշակութային միջոցառումների իրականացման, որոնք կոչված են վերականգնելու բարոյահոգեբանական մթնոլորտը՝ վերադարձնելու հերոսական զգացմունքներն ու հաղթական ապրումները: Եվ այս տեսակետից ավելի մեծ ստեղծագործություն, քան «Սպարտակն» է, դժվար է պատկերացնել: Ըստ էության, այս երկու նպատակների տեսակետից «Սպարտակի» վերականգնումն ուղղակի գալիս է լուծելու լրջագույն այս երկու խնդիրները՝ հանրության բարոյահոգեբանական վիճակի կարգավորում և ստեղծագործական խմբի աշխատանքային մարզավիճակի վերականգնում»,- նշել է Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսել է նաև մեկ այլ հանգամանքի՝ կրթական հաստատությունները պրոֆեսիոնալ, պետական կառույցների հետ կապելու քաղաքականության կարևորության մասին:

«Լուրջ համագործակցություն է ծավալվել Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ. ոչ միայն «Սպարտակում», այլև խաղացանկային մյուս ներկայացումներում ընդգրկված են քոլեջի պատանի արտիստները, ինչը շատ կարևոր հանգամանք է»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը և ընդգծել, որ կրթական հաստատությունների և պետական մշակութային կազմակերպությունների կապը պետք է գնալով ավելի սերտանա, ինչը նախարարության քաղաքականության առանցքային կարևորության հարցերից է:

Արա Խզմալյանը շնորհավորել է թատրոնին, ողջ անձնակազմին, հանդիսատեսին «Սպարտակ» բալետի վերականգնման կապակցությամբ և մաղթել հաջող առաջնախաղ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը տեղեկացրել է, որ «Սպարտակ» ներկայացումը վերականգնվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

«2009 թվականի Յուրի Գրիգորովիչի բեմադրության մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել: Գրիգորովիչի կողմից Հայաստան են գործուղվել փորձավարներ, տեխնիկական խմբեր, որոնք իրականացնում են լուսային տեխնիկայի, բեմի, դեկորացիայի տեղադրման աշխատանքներ»,- նշել է թատրոնի տնօրենի տեղակալը:

Տեղեկացնենք, որ ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժորն է Կարեն Դուրգարյանը: Բեմադրող բալետմայստեր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչ: Նկարիչ՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սիմոն Վիրսալաձե: Գլխավոր դերերում հանդես կգան Հայաստանի օպերայի և բալետի առաջատար մենակատարները:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ