Ավելին 31 րոպե առաջ - 18:10 29-11-2026

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Անդրեա Բոչելիի հետ Փոքր Պետրայի պատմական բեմում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է հայկական երաժշտական արվեստը ներկայացնել աշխարհի հեղինակավոր բեմերում։ Այս անգամ հայ երաժիշտների կատարողական վարպետությունը հնչել է Հորդանանի պատմական Փոքր Պետրայում՝ աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ։

Նոյեմբերի 27-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել բացառիկ համերգով՝ միանալով իտալացի աշխարհահռչակ տենորի համաշխարհային շրջագայությանը։ Ելույթը կայացել է Հորդանանի պատմամշակութային նշանակության վայրերից մեկում՝ Փոքր Պետրայում՝ ստեղծելով երաժշտության և պատմության յուրօրինակ հանդիպում։

Համերգը նվիրված էր Անդրեա Բոչելիի «Romanza» հանրահայտ ալբոմի թողարկման 30-ամյակին և ընդգրկված էր «Romanza 30th Anniversary World Tour» համաշխարհային շրջագայության ծրագրում։ Հենց այս ալբոմն է դարձել Բոչելիի միջազգային ճանաչման կարևորագույն հանգրվաններից մեկը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը չի թաքցրել իր հպարտությունը՝ ընդգծելով նման նշանակալի նախագծի մասնակիցը լինելու կարևորությունը։

«Հպարտ ենք լինել այստեղ և մասը կազմել այս կարևոր շրջագայության, որի շրջանակում դեկտեմբերի 2-ին էլ Բոչելիի հետ ելույթ կունենանք Աբու Դաբիում»,- նշել է Սարգիս Բալբաբյանը։

Հայ երաժիշտների մասնագիտական բարձր մակարդակն ու կատարողական վարպետությունը գնահատանքի են արժանացել նաև Անդրեա Բոչելիի երաժշտական պրոդյուսեր և դիրիժոր Կառլո Բերնինիի կողմից, որը երկար տարիներ համագործակցում է աշխարհահռչակ տենորի հետ։

«Անչափ հպարտ եմ նրանց հետ աշխատել. շատ տաղանդավոր և պրոֆեսիոնալ երաժիշտներ են»,- ընդգծել է Կառլո Բերնինին՝ բարձր գնահատելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աշխատանքը։

Սակայն այս երաժշտական համագործակցության հաջորդ նշանակալի կանգառը դեռ առջևում է։ Դեկտեմբերի 2-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Անդրեա Բոչելին կրկին կհանդիպեն բեմում՝ այս անգամ Աբու Դաբիի հեղինակավոր Etihad Arena համերգասրահում։

Համերգի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին է վկայում նաև այն, որ միջոցառման բոլոր տոմսերն արդեն սպառվել են։

Փոքր Պետրայից մինչև Աբու Դաբի․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս համագործակցությունը ևս մեկ առիթ է՝ միջազգային մեծ բեմերում հայկական երաժշտական դպրոցի բարձր մակարդակն ու հայ կատարողների տաղանդը ներկայացնելու համար։