Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է Սրբազան պայքարի անդամ, 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:
Արա Ռոստոմյանը խոսել է 18 արդարների դատավարության ներկա փուլի, Բագրատ Սրբազանին և պայքարի մյուս անդամներին մեկուսացնելու, Սրբազան պայքարի ձեռքբերումների, մեր հերոսների հիշատակի հանդեպ անհավասար վերաբերմունքի, մեր պատմությունը ջնջելու և Արցախը մոռացության տալու իշխանական փորձերի, Արցախ վերադարձի, Սահմանադրության ընդունման դեպքում Փաշինյանի կողմից Եռաբլուրը քանդելու և Արցախում մարտնչածներին Ադրբեջանին հանձնելու մասին:
«Եթե ներկայացնեմ իրավական առումով, մենք գտնվում ենք ապացույցների հետազտման փուլում, բայց եթե վերցնենք իրական ընդհանուր գործը, մենք գտնվում ենք թատրոնի ժանրում. այն ապացույցները, որոնք ներկայացնում է դատախազությունը, մինչ օրս որևէ կերպ չեն առնչվում 18 արդարներից որևիցե մեկին»,- խոսելով դատավարության մասին՝ ասաց Արա Ռոստոմանը՝ նշելով, որ այն կարող է տարիներ տևել:
Անդրադառնալով Բագրատ Սրբազանին և պայքարի մյուս անդամներին մեկուսացնելու պատճառներին՝ Ռոստոմյանը պնդեց, որ իշխանությունը մտավախություն ուներ, որ ժողովուրդը, վստահելով Բագրատ Սրբազանին, նորից դուրս կգա փողոց, ուստի իրենց կալանավորեցին:
Խոսելով մեր հերոսների ու նրանց հիշատակի նկատմամբ վերաբերմունքի մասին՝ հերոսի հայրը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո պետությունն ամեն ինչ թողեց ծնողների վրա. դեռ պատերազմի օրերին ծնողները սկսեցին խոսել իրենց զավակների մասին, ներկայացնել հասարակությանը, իսկ այստեղ անջրպետ առաջացավ, քանի որ մի մասը համապատասխան ֆինանսական հնարավորություններ պարզապես չուներ. ըստ Ռոստոմյանի՝ եթե պետությունը, մտավորականությունը հարկ եղածի պես անդրադառնային մեր հերոսներին, պատերի վրա նկարներ չէին լինի:
Արա Ռոստոմյանը կարծում է, որ եթե զոհված տղաների ծնողները լռեն, և Սահմանադրությունը փոխվի, Նիկոլ Փաշինյանը Ալիևի պահանջով բուլդոզերով Եռաբլուրը քանդելու է՝ կռված տղաներին օկուպանտ հռչակելով, իսկ Արցախում մարտնչած յուրաքանչյուրի հանձնելու է Ադրբեջանին:
Տեսանյութ:
Գևորգ Էմին-Տերյան