Ուղիղ եթեր
Ներքին 16 րոպե առաջ - 18:00 18-11-2026

Գազի թանկացումը ընդդիմության գրպանում չէ

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

«Սա մի հատ գործընթաց է Ռուսաստանի հետ կապված, որ իրենք ուզում են տանեն առաջ, հետո բերեն դժվարին ժամանակ գազի գինը կա՛մ բարձրացնեն, կա՛մ գազը կտրեն որոշ ժամանակով, որ այստեղ ներքաղաքական խժբժանք սկսվի»,- նոյեմբերի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելու նախաձեռնության դեմ ընդդիմադիր որոշ ուժերի համախմբված քայլերին։

Ի՞նչ կապ ունի ընդդիմության ակտիվությունը գազի գնի բարձրացման հետ։ Գազը թանկացնում են, որ ներքաղաքական լարվածությո՞ւն ստեղծվի, թե՞ ներքաղաքական լարվածություն են ստեղծում, որ գազի գինը բարձրացնեն։

Հիշենք՝ երբ թանկացավ գազը, և ինչ էր կատարվում այդ ժամանակ ներքաղաքական կյանքում։ 2009-ի ապրիլի 1-ից գազը 110 դոլարից դարձավ 150։ 2010-ին կրկին թանկացավ։ 2013-ին էլի բարձրացավ գինը՝ հասնելով 189 դոլարի։ ՌԴ-ն գազային շանտաժ էր անում։ 2015-ից ռուբլու արժեզրկման և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում գինը 189 դոլարից իջավ 165-ի։

2009-2010-ին ընդդիմությունն ակտիվ պայքար էր մղում, պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը և արտահերթ ընտրություններ։ Իշխանությունը ԵՄ-ի հետ ասոցիացման պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններ էր վարում։ ՌԴ-ն էլ պատժամիջոցներ էր կիրառում եվրաինտեգրման կուրս վերցրած իշխանության և հայ ժողովրդի դեմ ու թանկացնում էր գազը։

Ի սեր ճշմարտության՝ հարկ է նշել, որ այդ շրջանում ընդդիմությունն ակտիվ քայլեր է արել գազի թանկացման դեմ, ստորագրություններ հավաքել, ՀԾԿՀ-ին դատի է տվել և այլն։ Ընդդիմադիր գործիչների մի մասը հանդես են եկել Ռուսաստանի հասցեին կոշտ քննադատությամբ։

Նույնը կարող է կրկնվել ներկայում։ Եթե հիմա ՌԴ-ն թանկացնի գազը, ապա ռուսամետ ընդդիմությունը ցույցեր կանի իշխանությունների դեմ, ՀԾԿՀ-ին դատի կտա և այլն։ Այսպիսի շարժերը լայն արձագանք էին ստանում 2009-2010-ին ու, ենթադրաբար, կստանան հիմա։

Հարկ է հաշվի առնել, որ 2009-2013-ին գազի թանկացման հետևանքով ժողովրդի մի մասը Ռուսաստանին համարեց չբարեկամ, հակառուսական տրամադրությունները բազմապատկվեցին։ Ներկայումս քաղաքական համայնքի մեծ մասը անկախության, ժողովրդավարության ջատագով ուժեր են, եվրոպամետ, արևմտամետ կուսակցություններ, հանրային գործիչներ, քաղաքագետներ։ Այսինքն՝ հակառուսական սպեկտրը մի քանի անգամ աճել է 2009-2010-ի համեմատ։ Եթե հիմա ՌԴ-ն թանկացնի գազը, ապա ենթադրելի է, որ անկախական և ժողովրդավարական ամբողջ էլեկտորատը կմիավորվի և կտապալի Փաշինյանի իշխանությունը, ինչը ձեռնտու չէ Կրեմլին։

Նկատենք, որ ընդդիմությունն արդեն սկսել է իրազեկման ակցիաները։ Նրանք շրջում են փողոցներում, զրուցում մարդկանց հետ, լսում նրանց, քարոզչական աշխատանք տանում, բացատրում, թե ինչ վատ վարչապետ է Նիկոլ Փաշինյանը և այլն։ Զուգահեռաբար՝ Մոսկվան ակնարկում է գազի հնարավոր թանկացման մասին։

Այս երկուսի համադրության պարագայում ենթադրելի է, որ քանի դեռ կա ռուսամետ ընդդիմություն, Մոսկվան հակահայ քայլեր չի անի, այդ թվում՝ գազի թանկացման առումով, քանի որ ռուսամետ ընդդիմությունը հույս է ներշնչում Մոսկվային, որ վերջինս կարող է խորացնել իր ազդեցությունը Հայաստանում։ Եթե հիմա ՌԴ-ն թանկացնի գազը, ապա ռուսամետների էլեկտորատից բան չի մնա, Մոսկվան կկորցնի իր ազդեցության լծակները։

Կարճ ասած՝ ռուսամետ ուժերի ակտիվ գործողությունները, Փաշինյանի հրաժարականի կամ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը, հավանաբար, կարող են ոգևորել Մոսկվային, և վերջինս կարող է փորձել գազային շանտաժով քաղաքական զիջումներ կորզել ՀՀ իշխանությունից՝ վերականգնելով իր երբեմնի ազդեցությունը տարածաշրջանում։ Այս առումով Սասուն Միքայելյանի դիտարկումը տրամաբանական է։

Սակայն այս անցանկալի զարգացումը կանխելը քաղաքական համայնքի, առաջին հերթին՝ իշխանական պատգամավորի պարտավորությունն է։ Եթե ՔՊ-ում գիտակցում են գազի թանկացման ռիսկերը, ապա պիտի հայտարարեն, որ գազի թանկացման պարագայում օրակարգ կբերեն Գյումրիից ռուսական բազան հանելու, լյուստրացիա և դեսովետիզացում անելու, ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցերը։

Այնինչ՝ այսպիսի հակագրոհի ոչ ոք չի նախապատրաստվում՝ ո՛չ իշխանության մեջ, ո՛չ խորհրդարանական ընդդիմության շրջանակներում։ Սա նշանակում է, որ եթե ՌԴ-ն վաղը թանկացնի գազը, ապա ո՛չ ընդդիմությունը խժբժանք կանի և կդառնա արևմտամետ, ո՛չ էլ Փաշինյանը ՌԴ-ի երեսին կթքի և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու հայտ կներկայացնի։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան