Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:29 02-05-2022

Արցախի ազատության բանալին չի՛ լինելու չբարեկամի գրպանում

Երբ մարդը չգիտի, թե ինքն ով է և ինչ է ուզում, ապա չբարեկամը կարող է համոզել նրան, որ նա ձի է և ուզում է կապվել ախոռում, որտեղ կարող է ապահով, անվտանգ զգալ, ամեն օր առվույտ ու գարի ուտել՝ մինչև սատկելը, որից հետո նրա մասին կհիշեն, թե ինչպես էր սայլին լծված չոր ցախ ու խոտ կրում տուն։

Բոլոր ժողովուրդներն ունեն ազատության իրավունք։ Հայ ժողովուրդը, այդ իրավունքից օգտվելով, 1991-ին ազատագրվել է խորհրդային բռնազավթումից։ ՀՀ-ն Սեպտեմբերի 21-ից ազատ-ժողովրդավարական պետություն է։ Ազատ-ժողովրդավարական երկրները աջակցում են ՀՀ-ին, որը պաշտպանում է ժողովրդի ազատությունն ու քաղաքակրթական ընտրությունը և չի ուրանում Սեպտեմբերի 21-ը։

Չնայած Հայաստանը 31 տարի անկախ է, սակայն Հայաստանում դեռ կան քաղաքական դիմակավոր խմբեր, որոնք հրապարակային խոսքում անտեսում են ժողովրդի ազատության իրավունքն ու ակնարկում, թե մտադիր են ժողովրդին կրկին լծել ռուսական սայլին, Արցախի ազատության պայքարում կրկնել նույն սխալը՝ Արցախի հարցի բանալին կրկին դնել չբարեկամի գրպանը։ Նրանք ասում են՝ իբր մտածում են ժողովրդի «անվտանգության» մասին։ Իրականում նրանք ժողովրդին ձիու տեղ են դնում, ինչը խիստ վիրավորական է մարդու համար։

Հավակնոտ ու լկտի չբարեկամներն են մի քանի անգամ փորձել ձիու տեղ դնել մեր ժողովրդին և սահմանափակել նրա ազատությունը։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ հայ ժողովրդի չբարեկամներից մեկը ՀՀ ղեկավարին առաջարկել է 5 միլիարդ դոլար՝ Արցախի ազատությունից հրաժարվելու դիմաց։ Մի քանի ամիս առաջ նույն չբարեկամը ակնարկել է, որ փորձելու են հայ ժողովրդից խլել ազատությունը։ Մեկ այլ չբարեկամը պատերազմի օրերին առաջարկել է հանձնել Շուշին, հետո ՀՀ վարչապետին պարտադրել կապիտուլյացիոն հայտարարություն։ Այսօրինակ լկտիությունները խիստ մտահոգիչ են, քանի որ մեր երկրում դեռ կան քաղաքական դիմակավոր խմբեր, որոնք պատրաստ են զիջել ժողովրդի ազատության իրավունքը։ Նրանք բազմիցս փորձել են ՀՀ-ում զավթել իշխանությունը, բայց ձախողվել են։ Առաջինը՝ 102 տարի առաջ՝ մայիսի 1-ին։ 1991-ից հետո ևս մի քանի փորձեր ձախողվել են։

Պատմական-քաղաքական այս դասերը հուշում են, որ Արցախի ազատության համար մերօրյա պայքարը հաջողության կհասնի, եթե պայքարողը խոսի ժողովրդի ազատության մասին, Արցախի ազատության բանալին չբարեկամների գրպանը դնելու սխալը չկրկնելու մասին։ Պարզ ասած՝ Արցախի համար պայքարողի կարևոր ուղերձը հետևյալն է․ Արցախի ազատության բանալին չի՛ կարող լինել Ռուսաստանի գրպանում։ Եթե հակառակն ասեն, նշանակում է՝ ժողովրդին ձիու տեղ են դնում։

Թաթուլ Մկրտչյան