Նիկոլ Փաշինյանն ամոթալի իրավիճակում է հայտնվել Բրյուսելում «Եվրանյուզի» կազմակերպած գագաթնաժողովի շրջանակում տված հարցազրույցի ժամանակ։ Վարողը մի քանի անգամ հարց է ուղղել վարչապետին, թե ՀՀ-ն ե՞րբ է պատրաստվում անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել Եվրամիությանը։ Սակայն Փաշինյանը չի կարողացել ժամկետ նշել։
«Չգիտեմ՝ որքանով է իրատեսական, բայց հաջորդ տարին կարող է իրատեսական լինել, 2028 թվականը կարող է իրատեսական լինել։ Բայց գիտեք, այժմ մենք կենտրոնացած ենք վիզաների ազատականացման երկխոսության վրա։ Մեր թիրախն է ունենալ վիզաների ազատականացում 2029 թվականին։ Եվ դա կլինի ևս մեկ շատ կարևոր փուլ Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների զարգացման գործում։ Կարող ենք ասել, որ այժմ մենք սկսել ենք գործընթաց, որը մեզ կբերի Եվրոպական Միությանը լիարժեք անդամակցության հայտ ներկայացնելու վերջնական որոշմանը», - կմկմալով ասել է Հայաստանի ղեկավարը։
Ինչո՞ւ Փաշինյանը ռեալ ժամկետ չի նշում։ Եվ ԵՄ-ն ինչքա՞ն կարող է աջակցել ռուսամետ կուրս վարող Փաշինյանին։
Կոնկրետ ժամկետ չնշելու հիմնական պատճառը հայ-ռուսական պայմանավորվածություններն են։ Հիշենք, որ 2018-ին Թավշյա հեղափոխության ժամանակ ռուսները տապալեցին Սերժ Սարգսյանի իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանին կարգեցին ֆորպոստի վարչապետ։ Ըստ օդում կախված լուրի՝ այդ օրերին Փաշինյանը ռուսներին խոստացել է առնվազն 10 տարի վարել ռուսամետ կուրս, դուրս չգալ ռուսական դոմինանտությամբ գործող կառույցներից, այդ թվում՝ ԵԱՏՄ-ից, դուրս չհրավիրել ռուսական բազան, չանել որևէ քայլ, որը կհակասեր ռուսական ազգային շահերին։ Անցած 8 տարիներին նա ճշտորեն պահել է այդ պայմանավորվածությունները։ Եվ դրանք են կաշկանդում նրան, որ չի կարողանում հստակ ժամկետ ասել, նույնիսկ վերջնական որոշում չի կարող կայացնել։
Եթե Փաշինյանը կոնկրետ ասեր, որ Հայաստանը 2028-ին է անդամակցության հայտ ներկայացնելու, ապա կապացուցեր, որ 10 տարի ռուսական կուրս վարելու պայմանավորվածության մասին լուրը ճիշտ է։ 10 տարին լրանալուն պես նա կազատվի այդ կապանքներից և կարող է անկախ քաղաքականություն վարել։ Իսկ եթե 2028-ին էլ հայտ չներկայացնի, կնշանակի՝ Փաշինյանը պարտավորվել է ոչ թե 10 տարի, այլ ցմահ սպասարկել ռուսական հետաքրքրությունները՝ անկախ այն բանից, թե ՀՀ-ի համար ինչ ռիսկեր կստեղծվեն ռուսական կուրս վարելու արդյունքում։
Ոմանց համար իսկապես անհասկանալի է, թե ինչո՞ւ է ԵՄ-ն աջակցում ռուսամետ կուրս վարող Փաշինյանին։ Բանն այն է, որ ժողովրդավարական աշխարհն անհանգստացած է Ռուսաստանի ռևանշիստական նկրտումներից։ Հայաստանում 1995-ից օրեցօր մեծացել է ռուսական ազդեցությունը Հայաստանում։ ԵՄ-ն թեև ուշացած, սակայն փորձում է դիմագրավել ռուսական նկրտումներին, պաշտպանելով հայ ժողովրդի ազատությունը։
2018-2022-ին Փաշինյանի վարած վառ ռուսամետ կուրսն իսկապես անհանգստացրել է քաղաքակիրթ աշխարհին, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստ էր դարձել։ Այդ մասին խոստովանել է Փաշինյանը 2025-ի հունիսի 19-ին։ Իսկ Ուկրաինայի դեմ պատերազմը վերջնական սթափեցրել է եվրոպացիներին։ Եվ նրանք այսօր քաջալերում են Հայաստանին, պաշտպանում ռուսական կամ ռուս-ադրբեջանական ագրեսիայից։ Սահմանին դրա համար ԵՄ դիտորդական առաքելություն են կանգնած։ ԵՄ-ն մաքսային արտոնություններ տվեց Հայաստանին, երբ ռուսական շուկան փակեց դռները հայկական ապրանքի առաջ։
Այսինքն՝ այսօր ԵՄ-ն լավ գիտի՝ ով է Փաշինյանն ու ինչու է ռուսական կուրս վարում, բայց պատրաստ է լուրջ դեպքով լսել նրան՝ մի քանի անգամ հարցնելով՝ թեկուզ լղոզ պատասխան կորզել նրա՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու ժամկետի մասին, քանի որ պատրաստվում է դիմակայել ռուսական իմպերիալիստական նկրտումներին մեր տարածաշրջանում։
Կարճ ասած՝ Փաշինյանը Բրյուսելում հավելյալ անգամ ցույց տվեց, որ ԵՄ-ին միանալու հարցում Հայաստանը քաղաքական կամք, որոշում չունի։ Ողջամիտ կասկած կա, որ նա նույնիսկ չի էլ հասկանում, որ այսպիսի լղոզ դիրքորոշմամբ ոչ թե բարձրացնում ու զարգացնում են ՀՀ անկախությունը, այլ իրական ռիսկեր են ստեղծում։ Գուցե եվրոպական քաղաքականություն որոշողները մի օր զզվեն Հայաստանի անորոշ ու անողնաշար դիրքորոշումից ու հրաժարվեն նրան աջակցելուց։ Նույնպես ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամները կարող են մատնացույց անել Փաշինյանի լղոզ դիրքորոշումն ու աշխարհին ապացուցել, որ ՀՀ-ն իրենց ազդեցության գոտին է, ո՛չ անկախ է, ո՛չ էլ ժողովրդավար։
Թաթուլ Մկրտչյան