Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ամենագայթակղիչ խոստումներից մեկն այն էր, որ այդ գումարները քաղաքացու անձեռնմխելի սեփականությունն են և մահվան դեպքում անցնում են ժառանգներին։
Սակայն իրականությունն այլ բան է փաստում. հարյուրավոր քաղաքացիների տարիների վաստակած միջոցները, ի վերջո, հայտնվում են պետական բյուջեում։ Պատճառն այն չէ, որ օրենքն արգելում է ժառանգումը։
Խնդիրն այն է, որ հարազատները պարզապես տեղյակ չեն լինում այդ գումարների գոյության մասին և բաց են թողնում օրենքով սահմանված 3 տարվա ժամկետը։ Դրանից հետո Ֆինանսների նախարարությունը դիմում է դատարան՝ գումարները «անժառանգ» ճանաչելու և պետականացնելու պահանջով։
Այս իրավիճակը հանրության շրջանում արդարացի վրդովմունք է առաջացնում։ Երբ հերթը հասնում է տուգանքներին, հարկերին կամ ԴԱՀԿ վարույթներին, պետությունը վայրկյանների ընթացքում գտնում է քաղաքացուն, ծանուցում և անընդհատ հիշեցնում պարտավորության մասին։ Սակայն, երբ պետք է քաղաքացուն վերադարձնել իրեն հասանելիք սեփականությունը, համակարգը նախընտրում է լռել։
Oragir.News-ը փորձագետ Հրայր Կամենդատյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ համակարգային ու օրենսդրական բացեր կան օրենքում։
«Խնդիրը տեխնիկական թերություն է, տեխնիկական բացթողում, որը երկրի թվայնացման այդ պրոցեսի որոշակի հետևանքն է, արդյունքը։ Այլ բան է, որ թվայնացման կոնկրետ այդ բնագավառի, կոնկրետ այդ գործառույթի հետ կապված աշխատանքներ չեն տանում»,- նշեց բանախոսը։
Որպես հաջողված օրինակ՝ նա մատնանշում է միջազգային փորձը․ «Օրինակ՝ Էստոնիայում մոտավորապես 98%-ով ամբողջ պետական համակարգը՝ և՛ պետական, և՛ մասնավոր համակարգի հետ կապված, թվայնացված է։ Դա նշանակում է, որ օրենքի ցանկացած պահանջ, օրենքի հնարավորություն, օրենքով նախատեսված գործառույթ, առավելապես նույնիսկ երբ որ այդտեղ կապիտալի շարժ կա, չէ՞, այդ ամբողջով թվայնացվում են, և դրանք պրոբլեմ չեն պետության համար։ Եվ քաղաքացիների համար այն հարցը, որ Հայաստանում ինչու թվայնացման այդ աշխատանքները չեն հասնում այն մակարդակին, որ նման հարցերը, որոնք մեջ պարունակում են բարոյական որոշակի հիմք, դառնում են արդեն կարգավորման, լրացման խնդիր և դառնում են հիմք, որպեսզի մարդիկ հասկանան, որ այդ միջոցառումները ծրագրավորող և պլանավորող պետական ծառայողները կարծես թե շահագրգռված են, որպեսզի քաղաքացիներն իրենց հասանելի գումարները չստանան»։
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու է տուգանքների մասով պետական մեքենան անմիջապես և անխափան ծանուցում քաղաքացուն, իսկ կենսաթոշակի հարցում՝ «կաղում», Կամենդատյանն ասաց․ «Որովհետև մեզ մոտ արմատավորված կառավարման մշակույթի համաձայն՝ պետական պաշտոնյան, ով պատասխանատու է բյուջեի հասույթների՝ այդ թվում տուգանքների, տույժերի ու պարտադիր վճարների հավաքագրման համար, կրում է հստակ ֆունկցիոնալ պարտավորություն։ Եթե նա թերանում է, բարձիթողի անում կամ տապալում այդ աշխատանքը, նրա նկատմամբ կարող են կիրառվել վարչական խիստ պատժամիջոցներ, հնարավոր է նույնիսկ՝ աշխատանքից ազատում»։
Փորձագետի ձևակերպմամբ՝ համակարգը ստեղծել է մի իրավիճակ, որտեղ պաշտոնյաները սեփական նախաձեռնողականություն չեն ցուցաբերում, այլ զուտ կատարում են վերևից եկող հրահանգները։
Հարցին՝ արդյոք հնարավոր չէ՞ր ներդնել այնպիսի ծրագիր, որը մարդու մահից հետո ավտոմատ կերպով այդ գումարները կփոխանցեր ժառանգին, փորձագետը նշում է, որ իրավական նյուանսների պատճառով ավտոմատացումը ճիշտ ճանապարհ չէ. «Ոչ, ավտոմատ փոխանցման տարբերակ չկա։ Քաղաքացու մահվան դեպքում անմիջապես ի հայտ են գալիս իրավական նյուանսներ՝ կապված կտակի գոյության կամ դրա բացակայության հետ, ինչն օրենսդրական բազմաթիվ կարգավորումներ է ենթադրում։ Այդ պատճառով ավտոմատ իրականացումն այնքան էլ ճիշտ չէ. անհրաժեշտ է ունենալ հստակ նորմատիվային հիմք։ Իսկ այդ իրավական նրբություններին պետական ծառայողները հաճախ չեն էլ տիրապետում, քանի որ դա դուրս է իրենց մասնագիտական պարտականությունների և գիտելիքների շրջանակից»։
Ըստ բանախոսի՝ խնդրի հանգուցալուծումը ոչ թե գործընթացների ավտոմատացումն է, այլ իրազեկվածության բարձրացումն ու համակարգերի այնպիսի թվայնացումը, որը թույլ կտա հանգիստ ու առանց լարվածության կարգավորել հարցը. «Այս իմաստով լավագույն լուծումը համընդհանուր թվայնացումն է, ինչի շնորհիվ նմանատիպ բոլոր հարցերը կարող են հանգիստ ու առանց հանրային լարվածության կարգավորվել։ Խնդիրն այստեղ հիմնականում իրազեկման և ժամկետների մեջ է։ Երբ խոսքը կտակի, ժառանգության կամ կապիտալի տնօրինման մասին է, պետությունն անելիք չունի, կապ չունի՝ ժամկետը երեք տարի է, թե հինգ։ Այլ բան է, եթե քաղաքացին ընդհանրապես հարազատներ կամ կտակ չունենա, բայց պարզապես վերցնել մարդկանց գումարներն ու տանել բյուջե՝ կարծում եմ՝ ոչ ճիշտ է, ոչ էլ բարոյական»։
Հավելենք, որ այս խնդրին ծավալուն հետաքննությամբ անդրադարձել է
«Հետք»-ը՝ ներկայացնելով քաղաքացիների իրավունքների կոպիտ ոտնահարման փաստեր։
Հասմիկ Մովսիսյան