Սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե անչափահասին կոնֆետով թմրանյութ են տվել, չի հաստատվել։
Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ անչափահասին` 11 տարեկան տղային, կոնֆետ են հյուրասիրել, ինչից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Սոցցանցերի որոշ օգտատերեր ենթադրել էին, որ երեխան թմրանյութ է օգտագործել։
Խոսնակը նշել է, որ ստուգումներով պարզվել է, որ անչափահասն ալկոհոլ է օգտագործել։
«Իհարկե, անչափահասի կողմից ալկոհոլ օգտագործելն էլ մտահոգիչ է, սակայն այս դեպքում ևս ապացուցվեց, որ անչափահասի կողմից թմրանյութ ընդունելու մասին հերթական տեղեկությունը սուտ է»,– գրել է Սարգսյանը։
Նա հավելել է, որ նախարարությունը հետևողականորեն ստուգում է անչափահասների կողմից թմրանյութ օգտագործելու վերաբերյալ տարածվող յուրաքանչյուր տեղեկություն, այդ թվում՝ սոցցանցերում արված գրառումները։