Ուղիղ եթեր
Ներքին 34 րոպե առաջ - 22:17 04-11-2026

«Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքի վերաբերյալ ահազանգը հասել է իրավապաշտպաններին։

Տարածված 26 վայրկյանանոց տեսանյութում մի խումբ անձինք բռնություն են կիրառում տղամարդու նկատմամբ՝ միաժամանակ ռուսերեն հայհոյանքներ հնչեցնելով և հայտարարելով, թե Գյումրին իրենց քաղաքն է։

«Гюмри наш город, ты понял?! Город, *, русских солдатиков, ***»,- լսվում է տեսանյութում։

Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակը տեսանյութը ստացել է ահազանգի միջոցով։ Բռնություն կիրառած անձանց ինքնությունը դեռ հայտնի չէ, սակայն ահազանգի համաձայն՝ նրանք 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ են։

ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ տեսանյութն անմիջապես ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու նպատակով։

«Տեսանյութն անմիջապես ուղարկել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի իրենք, որպես իրավասու և լիազոր մարմին, իրենց կարողությունները ներդնեն և այդ փաստի հիման վրա քրեական վարույթ նախաձեռնեն ու քննություն իրականացնեն»,- ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ նման վարքագիծը պատահական չէ, և դրա հիմքում սեփական արտոնյալության զգացումն է։

«Իրենք իրենց արտոնյալ են զգում, որովհետև իրենց հրահանգել են այնպես, որ իրենք այստեղ ոչ թե անվտանգություն ապահովելու նպատակով են գտնվում, այլ իրենց կայսրության շահերը պաշտպանելու նպատակով, և իրենք հենց այդպես էլ արտահայտվում են, որ Գյումրին մերն է»,- հայտարարեց Արթուր Սաքունցը։

Oragir.News-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- փոխանցեցին Քննչական կոմիտեից։

102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ սա առաջին աղմկահարույց դեպքը չէ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ տարիների ընթացքում արձանագրվել են նաև մահվան ելքով ծանր միջադեպեր, որոնցից մի քանիսը ցնցել են ոչ միայն Գյումրին, այլև ամբողջ Հայաստանը։

1999 թվականի ապրիլի 14-ին Գյումրիի կենտրոնում երկու ռուս զինծառայողներ՝ Դենիս Պոպովը և Ալեքսանդր Կամենևը, հարբած վիճակում ինքնաձիգներով անկանոն կրակահերթեր էին արձակել անցորդների ուղղությամբ։ Դեպքի հետևանքով երկու մարդ էր սպանվել, բազմաթիվ քաղաքացիներ՝ վիրավորվել։ Տարբեր հրապարակումներում վիրավորների թիվը նշվել է 7-ից 14-ի սահմաններում։

Զինծառայողները դատապարտվել էին Հայաստանում, ապա տեղափոխվել Ռուսաստան՝ պատիժը կրելու։ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ Հայաստանի նորագույն պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը։

102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ներխուժեց Ավետիսյանների ընտանիքի տուն և սպանեց ընտանիքի յոթ անդամներին, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխաներին։ Վեց մարդ սպանվեց տեղում, իսկ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը, ստացած ծանր վնասվածքներից, մահացավ հիվանդանոցում՝ յոթ օր անց։

Պերմյակովը հայկական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացավ 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը։

Նրա մահվան գործով կասկածյալ էր ճանաչվել 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Քննությամբ պարզվել էր, որ զինծառայողը հետապնդել էր կնոջը և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր հատվածներին։ Ռազգիլդեևը դատապարտվեց 7 տարի 6 ամիս ազատազրկման։

102-րդ ռազմաբազայի հետ կապված ողբերգական դեպքերը չեն սահմանափակվում միայն Գյումրիում տեղի ունեցած սպանություններով։ 2013 թվականի ապրիլի 7-ին Վահրամաբերդ գյուղի մոտակայքում՝ ռուսական տանկային հրաձգարանի տարածքում, ականի պայթյունից զոհվեցին երկու անչափահաս երեխաներ։

Այս դեպքերը տարիներ շարունակ հանրային քննարկումների առարկա են դարձել՝ բարձրացնելով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողների պատասխանատվության, նրանց գործողությունների նկատմամբ վերահսկողության և Հայաստանի իրավապահ մարմինների լիազորությունների արդյունավետ իրացման հարցերը։

Այսօր արդեն հերթական ահազանգն է՝ այս անգամ տեսանյութի տեսքով, որտեղ, ըստ ահազանգի, ռազմաբազայի զինծառայողները ոչ միայն բռնություն են կիրառում քաղաքացու նկատմամբ, այլև Գյումրին հայտարարում են իրենց քաղաքը։

Թե ովքեր են տեսանյութում երևացող անձինք, ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը և ինչ պատասխանատվության կենթարկվեն նրանք, պետք է պարզի նախաքննությունը։

Անահիտ Չալիկյան